Բաժիններ՝

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:

Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի հերթական այցը Հայաստան վկայում է, որ Խորհրդարանական վեհաժողովը հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության զարգացմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում:

Նախագահը նշել է, որ Հայաստանը ևս շահագրգռված է այդ երկխոսության ակտիվացմամբ և մեծապես կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը:
Սերժ Սարգսյանի համոզմամբ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի այցը լավ հնարավորություն է մտքեր փոխանակելու Հայաստանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցության առկա վիճակի և զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Հանրապետության Նախագահը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կարևոր հարթակ է համարել ԵԱՀԿ տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում անվտանգության խնդիրների քննարկման և երկխոսության համար՝ ժողովուրդների ընտրյալ ներկայացուցիչների առջև դրված առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով ԵԱՀԿ տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ու հասարակությունների միջև շփումներին նպաստելը՝ այդպիսով նաև բարենպաստ պայմաններ ստեղծելով բարդ խնդիրների, այդ թվում՝ հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման համար:

Ըստ Նախագահ Սարգսյանի՝ խորհրդարանականները պետք է հնարավորինս զգույշ լինեն այդ առաքելության իրականացման գործում և ջանքերը կենտրոնացնեն երկխոսության հարթակներն օգտագործելու ոչ թե փոխադարձ կշտամբանքներ բարձրաձայնելու, այլ հաշտության եզրեր գտնելու համար՝ նկատելով, որ, ցավոք, այնպես է ստացվում, որ ամենալավ հարթակներն անգամ, որոշ դեպքերում օգտագործվում են այլատյացության խորացման նպատակով, ինչն անթույլատրելի է:
ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Խորհրդարանական վեհաժողովը շատ լավ հարաբերություններ և համագործակցություն ունի Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ ԵԱՀԿ ԽՎ-ում: Քրիստիան Վիգենինը Հանրապետության Նախագահին ներկայացրել է տարածաշրջան իր այցի նպատակը և ունեցած հանդիպումները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ: Հանրապետության Նախագահը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս