
Եվրախորհրդարանի ղեկավարը անօրինական է համարել Կատալոնիայի անկախության հանրաքվեն

Կատալոնիայի անկախության շուրջ հոկտեմբերին 1-ին պլանավորված հանրաքվեն անօրինական է: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:
«Իսպանիայում հանրաքվեն հակասում է երկրի Սահմանադրությանը, հետեւաբար այն հակասում է եվրոպական արժեքներին»,-ասել է նա:
Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինդիգո Մենդես դե Վիգոն հայտարարել է, որ Կատալոնիայում անկախության հանրաքվե չի լինի: Ելույթ ունենալով Նախարարների խորհրդի խորհրդակցության արդյունքներին նվիրված հատուկ մամուլի ասուլիսում՝ դե Վիգոն ասել է, որ «հոկտեմբերի 1-ին ոչ մի հանրաքվե չի լինի»: Նա նաեւ հայտարարել է, որ հանրաքվեի կազմակերպումը հիմնված է տեղի կառավարության «անօրինական գործողությունների» վրա:
Իր հերթին Իսպանիայի առողջապահության, սոցիալական ծառայությունների եւ իրավահավասարության նախարար Դոլորս Մոնսերատը սեպտեմբերի 29-ին հայտարարել է, որ երկրի իշխանությունները Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի հետ երկխոսություն չեն վարի ինքնավար մարզի անկախության հանրաքվեից հետո: «Ինչպես ես եմ կարծում, միակ երկխոսությունը, որը կարող է ակնկալել Պուչդեմոնը, կլինի դատական իշխանության հետ»,-հավելել է Մոնսերատը: