
Մոսկվան Թուրքիային տեխնոլոգիաներ չի հանձնի Ս-400-ի մատակարարման շրջանակներում

Ռուսաստանը Թուրքիային տեխնոլոգիաներ չի հանձնի Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի պարտավորագրի շրջանակներում: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:
«Այդ մասին այժմ խոսք չկա, առայժմ խոսքը սոսկ մատակարարման մասին է»,- սեպտեմբերի 29-ին լրագրողներին ասել է Կոժինը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին:
Նա ընդգծել է, որ Թուրքիան կանխավճար է մուծել Ս-400 համակարգի համար: «Պարտավորագիրը մտել է գործողության մեջ, կանխավճարը մուծված է: Կոնկրետ ժամկետների վերաբերյալ առայժմ ոչինչ ասել չեմ կարող»,- հավելել է Կոժինը: «Կոմերսանտ» թերթը սեպտեմբերի 13-ին հաղորդել է, որ Թուրքիան Ռուսաստանից կգնի ավելի քան 2 միլիարդ դոլար գումարի Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի չորս դիվիզիոն: