Յունկերը Եվրամիության ընդլայնում է ակնկալում 2019-2024 թվականներին
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիության ընդլայնում է ակնկալում 2019-2024 թվականներին այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն։
«Եվրամիությունը 27 երկրներից բաղկացած կլինի 2019 թվականի մարտի վերջից եւ 27-ից ավելի երկրներից՝ հաջորդ հինգ տարիներին՝ 2019-ից մինչեւ 2024 թվականը»,- ասել է ԵՀ-ի ղեկավարը լրագրողներին Տալլինում ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ՝ ի պատասխան լրագրողի այն ռեպլիկին, թե Եվրամիությունը բաղկացած կլինի 27 երկրներից: ԵՀ-ի ղեկավարի ելույթը հեռարձակվել է հանձնաժողովի ծառայությունների կողմից:
Ավելի վաղ Յունկերը քանիցս հայտարարել էր, որ ԵՄ-ի ընդլայնում իր նախագահության օրոք, որը լրանում է 2019 թվականին, տեղի չի ունենա: Իր հերթին 2017 թվականի հունիսին հարեւանության եվրոպական քաղաքականության եւ ԵՄ-ի ընդլայնման հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանը հայտարարել էր, որ Արեւմտյան Բալկանների մեկ կամ մի քանի երկրների հաշվին Եվրամիության ընդլայնում կարող է տեղի ունենալ Եվրահանձնաժողովի նոր կազմի օրոք:
Ներկայում Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական թեկնածուներն են՝ Ալբանիան (2014 թվականից), Մակեդոնիան (2005 թվականից), Չեռնոգորիան (2010 թվականից), Սերբիան (2012 թվականից) եւ Թուրքիան (1999 թվականից): Ընդ որում՝ ԵՄ-ին միանալու շուրջ բանակցություններն սկսվել են դրանից երեքի՝ Թուրքիայի (2005 թվականին), Չեռնոգորիայի (2012 թվականին) եւ Սերբիայի (2014 թվականին) հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: