Բաժիններ՝

«Համբերատար» թողեցինք, որ «Միսս Արմենիա-2017» մրցույթն «ապօրինի ձևով կայանար». Կարեն Արիստակեսյան

«Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանն այսօր հայտարարեց, որ իրենք «համբերատար» թողեցին, որ «Միսս Արմենիա-2017» մրցույթն «ապօրինի ձևով կայանար», որովհետև սիրում են Հայաստանը:

Հիշեցնենք, որ չնայած դատական գործընթացին և դատարանի ու ԴԱՀԿ-ի կողմից «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքային նշանները ցանկացած ձևով օգտագործելն արգելելուն, սեպտեմբերի 24-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Միսս Արմենիա-2017» մրցույթը։ «Միսս Հայաստան» ազգային գործակալություն հիմնադրամն էլ, վրդովված այդ հանգամանքից, հաղորդում է ներկայացրել ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, ինչպես նաև՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը չկատարելու համար։

«Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են խախտում ՀՀ մի քանի օրենքներ, դատական իրավական ակտեր, երբ կարելի է առանց օրենքը խախտելու՝ անել այդ մրցույթը: Առավել ևս, որ մենք համաձայն ենք եղել, և դրա մասին նույնիսկ կազմակերպիչներն են հայտնել: Հունվար ամսից ես լսում եմ, որ մրցույթ են կազմակերպում, ու ուշի-ուշով նայում եմ՝ ինչ են կազմակերպում, ոնց են կազմակերպում, կարծես հեքիաթի մեջ լինես… Հետո մարդկանց ընդունում են իրավասու մարմինների ղեկավարները, որոնք ներկայանում են այս կամ այն հիմնադրամի նախագահ, երբ այդ հիմնադրամը գրանցված չէ: Ես այս 5 տարիների ընթացքում Հայաստանի համար այս մրցույթն այդ պահին չեմ կարևորել, եթե դա շատ էական է, դրա կարիքը կա անելու, խնդրեմ, «Միսս Հայաստան» ազգային գործակալությունը բաց է բոլորի առաջ, մենք այդ հնարավորությունը կարող ենք իրենց տալ»,- հայտարարեց Կ. Արիստակեսյանը:

Նրա խոսքով՝ պետք չէ կարճ հիշողություն ունենալ և սեփական անձը բավարարելու համար ուղղակի ասել, որ մրցույթները վատ են կազմակերպվել.

«Այն մրցույթները, որոնք կազմակերպվել են անձամբ գործակալության կողմից, եղել են լավ, բայց, բնականորեն, կարող են լինել նաև թերացումներ: Չի կարելի սեփական մրցույթը բարձրացնելու գնով՝ սևացնել որևէ մեկին: Ես հիմա, երևի թե, ստիպված եմ լինելու հայտարարել մրցույթ՝ «Միսս Հայաստան», ընդունելություն կազմակերպել աղջիկների, բոլոր շահագրգիռ անձանց, որպեսզի արվի գեղեցկության և նրբագեղության մրցույթ՝ իրականում գեղեցիկը գնահատելու»,- ասաց Արիստակեսյանը:
Ըստ նրա՝ ամեն ոք չի կարող մրցույթ կազմակերպել. «Փող ունենալով չէ մրցույթի կազմակերպումը, մրցույթն ունի գեղագիտություն, կանոնակարգ»:

Նա հայտարարեց, որ իր կողմից կազմակերպվելիք մրցույթին կարող են մասնակցել նաև «Միսս Արմենիա-2017» մրցույթի մասնակիցները:

Հարցին՝ այդ դեպքում՝ «Միսս Աշխարհին» Հայաստանից ո՞վ կմասնակցի՝ փաստաբան Հարություն Հարությունյանն այսպես պատասխանեց.

«Քանի որ ես «Միսս Աշխարհի» կանոնակարգերն ուսումնասիրել եմ, այնտեղ պարտադիր պետք է մասնակցի այն մասնակիցը, որն օրենքի սահմաններում նվաճել է «Միսս որևէ երկրի» տիտղոսը: Հիմա մեր պայքարը նրանում է, որ այս մրցույթի հաղթողը չի կարող համարվել «Միսս Հայաստան» կամ «Միսս Արմենիա»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս