
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է խուսափել Թուրքիա այցելությունից

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը սեպտեմբերի 28-ին նոր նախազգուշական հայտարարություն է արել Թուրքիա այցելել պատրաստվող կամ այդ երկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար:
Պետդեպը իր քաղաքացիներին հիշեցրել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների շարունակվող վտանգի մասին: «Ահաբեկչության պահպանվող վտանգի պայմաններում ԱՄՆ կառավարությունը սահմանափակում է Միացյալ Նահանգների կառավարության անձնակազմի այցելությունները Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ, ինչպես նաև Ստամբուլում և Անկարայում ԱՄՆ կառավարության աշխատակազմի և նրանց ընտանիքների անդամների գործողությունները: Մենք ԱՄՆ քաղաքացիներին հորդորում ենք ևս մեկ անգամ մտածել այս ժամանակահատվածում Թուրքիա այցելելու անհրաժեշտության մասին և խուսափել այդ երկրի հարավ-արևելք ճանապարհորդելուց»,- ասվում է նախազգուշացնող հայտարարության մեջ:
ԱՄՆ պետդեպից հայտնել են, որ այս նախազգուշացումը փոխարինում է 2017 թվականի մարտի 28-ին արված հայտարարությանը:
Հիշեցնելով Թուրքիայում 2016 և 2017 թվականին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները՝ Միացյալ Նահանգներից հայտնել են, որ հերթական հարձակումը կարող է լինել ցանկացած մարդաշատ վայրում: Պետդեպում, մասնավորապես, ընդգծել են, որ ահաբեկիչների կողմից թիրախավորված են ամերիկացի և օտարերկրյա այլ զբոսաշրջիկները: