
Թաիլանդի նախկին վարչապետ Չինավաթը քաղաքական ապաստան է խնդրում Մեծ Բրիտանիայում. CNN

Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթը, որը հեռակա կարգով հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել հայրենիքում, ժամանել է Լոնդոն եւ դիմել Մեծ Բրիտանիայի իշխանություններին իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով Պխիա Տխայի («Հանուն Թաիլանդի») կուսակցության մի աղբյուրի, որի առաջնորդը Չինավաթն էր:
Սեպտեմբերի 28-ին տեղեկացվել էր, որ քաղաքական գործիչը թաքնվում է Դուբայում: Թաիլանդի Գերագույն դատարանը սեպտեմբերի 27-ին հեռակա կարգով նախկին վարչապետ Չինավաթին մեղավոր է ճանաչել գյուղարտադրողներից բրնձի գնման պետական ծրագիրն իրականացնելիս ցուցաբերած անփութության մեջ եւ նրան դատապարտել հինգ տարվա բանտարկության:
Թաիլանդի նոր Սահմանադրության համաձայն, Չինավաթն իրավունք ունի այդ դատավճիռը բողոքարկել 30 օրվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: