Ծանրորդ Լիանա Գյուրջյանը դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրամարտի Հայաստանի պատանիների հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը երեք ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Կոսովոյում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մինչև 15 տարեկանների պայքարում 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանը պոկեց 78 կգ և հրեց 105 կգ: Երկամարտի 183 կգ արդյունքով Գյուրջյանը 4 ծանրորդների պայքարում դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Ավելի վաղ, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 17 տարեկանների պայքարում 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը պոկել էր 136 կգ և հրել 160 կգ: Երկամարտի 296 կգ արդյունքով Մարգարյանը զբաղեցրել էր 3-րդ տեղը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արա Աղանյանը պոկել էր 131 կգ և հրել 162 կգ և, երկամարտում հավաքելով 293 կգ, զբաղեցրել 4-րդ տեղը: Մինչև 17 տարեկանների պայքարում 69 կգ քաշային կարգում Արմեն Գրիգորյանը պոկել էր 134 կգ և հրել 162 կգ և երկամարտի 296 կգ արդյունքով զբաղեցրել առաջին տեղը: Նույն քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը պոկել էր 135 կգ ու հրել 160 կգ և դարձել բրոնզե մեդալակիր:
Եվրոպայի առաջնությունում մինչև 15 տարեկանների պայքարում Ղահրամանյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել էր 105 կգ, իսկ հրումում՝ 133 և երկամարտի 238 կգ արդյունքով դարձել Եվրոպայի չեմպիոն 69 կգ քաշային կարգում:
Արա Պողոսյանը երկամարտի 186 կգ արդյունքով նվաճել էր իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա փոքր ոսկի էր նվաճել նաեւ հրում վարժությունում (105 կգ) եւ արծաթ՝ պոկումում (81 կգ): Մոնթե Մխիթարյանը 193 կգ-ով արծաթե մեդալի արժանացավ երկամարտում, սակայն հավասարը չէր ունեցել պոկում վարժությունում (91 կգ), իսկ հրումում (102 կգ) բավարարվել էր բրոնզե մեդալով: