ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարը օգնություն է առաջարկել Իրաքի միասնությունը պահպանելու խնդրում
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ջաֆարիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում համարաբական կազմակերպության օգնությունն է առաջարկել Իրաքյան Քրդստանի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման խնդրում: Այդ մասին ասված է ԱՊԼ-ի տարածած հայտարարության մեջ։
«Խոսակցությունը վերաբերել է հանրաքվեից հետո Իրաքում ստեղծված իրադրությանը: Գլխավոր քարտուղարը հետաքրքրվել է այդ հարցում Իրաքի կառավարության դիրքորոշմամբ, ինչպես նաեւ ճշտել է, թե ԱՊԼ-ն ինչ կարող է անել Իրաքի միասնությունը պահպանելու նպատակով… Գլխավոր քարտուղարը լիակատար պատրաստակամություն հայտնեց գործուն դեր խաղալ այդ գործընթացում»,- ասված է փաստաթղթում:
Իրաքյան Քրդստանը Քրդական ինքնավար շրջանի ոչ պաշտոնական անվանումն է, որի կարգավիճակը իրավաբանորեն ամրագրված է Իրաքի Սահմանադրության մեջ: Այն Դահուկի, Սուլեյմանիայի եւ Էրբիլի նահանգներում քրդերի Էթնիկ բնակության գոտին է երկրի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում: Սեպտեմբերի 25-ին տարածաշրջանում կայացել է անկախության հանրաքվե, որի արդյունքում 3,44 մլն մասնակիցների ավելի քան 92 տոկոսը քվեարկել է ինքնիշխան պետության ստեղծման օգտին:
Հանրաքվեի անցկացմանը դեմ էին Իրաքի կենտրոնական կառավարությունը՝ այն համարելով ոչ սահմանադրական, ինչպես նաեւ Անկարան եւ Թեհրանը, որոնք հանդես են գալիս արաբական երկրի միասնության օգտին: Տվյալ փուլում հանրաքվեն անտեղի են համարում Վաշինգտոնում եւ եվրոպական մի շարք երկրներում, քանի որ այն, նրանց համոզմամբ, խարխլում է ահաբեկչության դեմ մղվող պայքարը եւ տարածաշրջանի անվտանգությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: