Մյանման մերժեց էթնիկական զտումների մեղադրանքները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրավիրեց երկիր
Մյանմայի իշխանություններն առնչություն չունեն Ռաքհայնի նահանգում էթնիկական զտումների հետ, իսկ դրանց վերաբերյալ հաղորդումներն ապատեղեկատվություն են:
Սեպտեմբերի 28-ին այս մասին հայտարարել է երկրի ազգային անվտանգության հարցերի պետական խորհրդական Թաունգ Թուն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Նա հանդիպման մասնակիցներին հավաստիացրել է, որ Մյանմայի իշխանությունները հավատարիմ են մարդու իրավունքների հարգմանը, եւ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին հրավիրել է այցելելու երկիր, որպեսզի նա անձամբ համոզվի դրանում։
Պետական խորհրդականը հայտնել Է, որ հաջորդ շաբաթ դիվանագետների եւ լրագրողների համար կկազմակերպվի ուղեւորություն Ռաքհայնի նահանգի հյուսիս: «Նրանք հնարավորություն կունենան անձամբ ծանոթանալու իրադրությանը: Ես նաեւ ուրախ եմ հայտնելու, որ Մյանմայի կառավարությունը գլխավոր քարտուղարին եւ նրա տեղակալին հրավեր է հանձնել այցելելու Մյանմա»,- նշել է նա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 28-ին 2009 թվականից ի վեր առաջին անգամ անցկացրել է Մյանմայի իրադրությանը նվիրված դռնբաց նիստ: Զեկուցումով ելույթ ունենալով հանդիպմանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ Ռաքհայնի նահանգում իրադրությունը վերաճել է «հումանիտար մղձավանջի» եւ շտապ գործողություններ է պահանջում միջազգային հանրակցության կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: