Պուտինը՝ Անկարայում. հերթական զոհը արցախյան առաջնագծում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը:
Վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի քանի իրադարձություններ հուշում էին, որ Բաքուն հայ-ադրբեջանական շփման գծում դարձյալ գնալու է սրման:
Ադրբեջանական բանակի գովազդվող լայնամասշտաբ զորավարժությունները պատերազմի մեսիջ էին, որին ՄԱԿ-ի ամբիոնից քաղաքական շանտաժի ձեւակերպում տվեց Իլհամ Ալիեւը: Ադրբեջանի նախագահի սպառնալիքը հասցեագրված էր միջազգային հանրությանը, որ եթե վերջինս չբավարարի Բաքվի պահանջները, ապա անցած տարվա Ապրիլյան պատերազմը կարող է կրկնվել:
Ալիեւի ելույթը չարժանացավ համարժեք միջազգային պատասխանի, ավելին` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ որեւէ խոսք չկար Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Այս հանգամանքն անուղղակի խրախուսում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, նույնիսկ Բաքվի կողմից կարող է ընկալվել որպես նոր պատերազմ սանձազերծելու միջազգային քարտ-բլանշ:
Համանախագահների հայտարարությունը, սակայն, ուներ ավելի խորքային ենթատեքստ: Շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայման պահանջով հանդես էր գալիս ԱՄՆ-ը եւ, եթե այս հարցը դուրս է եկել Մինսկի խմբի համանախագահության օրակարգից, ապա կարող ենք ենթադրել, որ Վաշինգտոնը մեր տարածաշրջանի ու ԼՂ հակամարտության կառավարումը հանձնել է Մոսկվային:
Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ նաեւ Վաշինգտոնի նոր քաղաքականության հետեւանքով ստեղծված վիճակն են այսօր Անկարայում քննարկում Ռեջեփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը:
Մյուս կողմից` Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին Բաքու այսօր կատարած այցի շրջանակում կատարել է մի քանի ամբարտավան հայտարարություններ: «Ադրբեջանը եւ Թուրքիան եղբայրական պետություններ են: Մենք միմյանց կարիքն ունենք: Ադրբեջանցի ժողովրդի ցանկությունը մեզ համար հրաման է, եւ մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում»,- հայտարարել է թուրք նախարարը:
Ահա տարածաշրջանային այս համատեքստում, երբ ԱՄՆ-ի, ըստ էության, բացակայությունը նոր աշխուժություն է առաջացրել Մոսկվա-Անկարա-Բաքու առանցքում, հայկական զինուժը սահմանագծին ունենում է մարդկային հերթական կորուստը:
Տարածաշրջանային նոր համատեքստում հայկական դիվանագիտությունից պահանջվում են մեծ ջանքեր` Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը ապահովելու համար: Երեւանը շատ զգույշ քաղաքականություն պետք է վարի ռուսական ուղղությամբ՝ մի կողմից, ամբողջովին չկորցնելով իր սուբյեկտությունը, մյուս կողմից` բացառելու համար ռուս-ադրբեջանա-թուրքական սեպարատ համաձայնությունը, որը կարող է բերել 2016-ի ապրիլյան իրադարձությունների կրկնությանը:
Մեր իշխանությունները համակ ուշադրությամբ պետք է հետեւեն ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման դինամիկային` Հայաստանին սպառնացող հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: