Արայիկ Գրիգորյանը նեղացել, հեռացել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, օրերս լքել է խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովը: Պատճառը հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դիտողություններից նեղսրտելն է:
Թերթի տեղեկություններով՝ Արայիկ Գրիգորյանին դուր չի եկել իրեն ու ՀՀԿ-ական պատգամավորներ Արկադի Համբարձումյանին եւ Աշոտ Արսենյանին Զոհրաբյանի նախազգուշացումներն առ այն, որ հանձնաժողովի նիստերին անհարգելի բացակայելու դեպքում աշխատավարձերից պահումներ կարվեն: Ու քանի որ Գրիգորյանը որոշել է խորհրդարանում արտոնյալ կարգավիճակում հանդես գալ, միեւնույն ժամանակ աշխատավարձ ստանալ, դիմում է ներկայացրել հանձնաժողովից դուրս գալու մասին: Թերթը տեղեկացավ, որ նրա փոխարեն ՀՀԿ-ից այս հանձնաժողով է գործուղվել Միհրան Հակոբյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: