Իրաքյան զորքերը հրամանի են սպասում քրդերի հետ վիճելի շրջաններ շարժվելու համար
Իրաքյան զորքերն սպասում են երկրի վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար Հեյդար ալ Արաբիի հրամանին, որպեսզի սեպտեմբերի 29-ին ուղեւորվեն քրդերի հետ վիճելի շրջաններ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իրաքի ուժային կառույցների մի աղբյուր:
«Իրաքցի զինվորականներն ավարտել են նախապատրաստական աշխատանքները և գտնվում են մերձակա վայրերում՝ սպասելով վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար Հեյդար Ալաբադիի հրամանին, որպեսզի ուղևորվեն պաշտպանելու քաղաքացիներին վիճելի շրջաններում»,- հայտնել է աղբյուրը: Իրաքյան Քրդստանը Քրդական ինքնավար շրջանի ոչ պաշտոնական անվանումն է, որի կարգավիճակը իրավաբանորեն ամրագրված է Իրաքի Սահմանադրության մեջ: Այն Դահուկի, Սուլեյմանիայի և Էրբիլի նահանգներում քրդերի էթնիկ բնակության գոտին է երկրի հյուսիսում և հյուսիս-արեւելքում: Սեպտեմբերի 25-ին տարածաշրջանում կայացել է անկախության հանրաքվե, որի արդյունքում 3,44 մլն մասնակիցների ավելի քան 92 տոկոսը քվեարկել է ինքնիշխան պետության ստեղծման օգտին:
Հանրաքվեի անցկացմանը դեմ էին Իրաքի կենտրոնական կառավարությունը՝ այն համարելով ոչ սահմանադրական, ինչպես նաև Անկարան և Թեհրանը, որոնք հանդես են գալիս արաբական երկրի միասնության օգտին: Տվյալ փուլում հանրաքվեն անտեղի են համարում Վաշինգտոնում և եվրոպական մի շարք երկրներում, քանի որ այն, նրանց համոզմամբ, խարխլում է ահաբեկչության դեմ մղվող պայքարը և տարածաշրջանի անվտանգությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: