
«Արփի լիճ» ազգային պարկի ջրամբարի ջուրը պակասել է, բայց չի դատարկվել. Արսեն Հարությունյան

«Արփի լիճ» ազգային պարկում ջրամբարի ջրի քանակի պակասելը վտանգավոր կետին չի հասել, այնտեղ կա 8,5-9 մլն խմ ջուր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարած գործունեության մասին ամփոփիչ ասուլիս ժամանակ տեղեկացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։ Նրա խոսքով՝ «Արփի լիճ» ազգային պարկի ջրամբարի անձեռնմխելի ծավալը 5 մլն խմ է։
«Արփի լճի ծավալը նախկինում եղել է 3-5 մլն խմ, հետագայում՝ խորհրդային տարիներին, կառուցվել է պատվար 13 մ բարձրությամբ, որը թույլ է տվել հավելյալ ջուր հավաքել։ Ընդհանուր ջրամբարի ծավալը 105 մլն խմ է։ Այս պահին Արփի լճում կա 8,5-9 մլն խմ ջուր։ Նման ծավալ եղել է և՛ 2010, և՛ 2012, և՛ 2014 թվականներին։ Նույն վիճակը նաև Ախուրյանի ջրամբարում է»,- նշեց Արսեն Հարությունյանը։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ընդգծեց, որ սեպտեմբերի 27-ից Արփի լճից 5 խմ/վ ջուր է բաց թողնվում դեպի Ախուրյանի ջրամբար։ Նրա հավաստմամբ՝ անձրևների շնորհիվ ավելի շատ լցվում է, քան դուրս գալիս։