
Ֆրանսիան չի դիտարկում ԿԺԴՀ-ի հետ հակամարտության լուծման ռազմական սցենարը

Ֆրանսիան ռազմական սցենարը չի դիտարկում որպես Կորեական թերակղզու հակամարտության լուծման միջոց եւ հանդես է գալիս կարգավորման դիվանագիտական մեթոդների օգտին: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ֆլորանս Պառլին:
«Ռազմական սցենար լինել չի կարող: ԿԺԴՀ-ն այն երկիրն է, որը միջուկային զինանոց է մշակում՝ շրջանցելով չտարածման մասին պայմանագիրը: Այս փուլում մենք չենք կարող ռազմական լուծումներ ներկայացնել: Մենք միայն դիվանագիտական լուծումներ ենք տեսնում»,-հայտարարել է նախարարը:
«Ամերիկացիները դիտարկում են այն, ինչը նրանք ցանկանում են դիտարկել: Մենք ամերիկացիներ չենք»,-հավելել է Պառլին հաղորդավարի այն հարցին, թե նա «հավատում է արդյոք» «ռազմական տարբերակների քննարկման» վերաբերյալ ամերիկյան իշխանությունների հայտարարություններին»:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նաեւ հանդես է եկել Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների կարգավորման օգտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: