Բաժիններ՝

«Ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգի ընդունումը հաճոյանալու նպատակ է հետապնդում». Ավետիք Իշխանյան

«Ընդհանրապես Հայաստանում կրթության հայեցակարգը պետք է փոխվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգի մասին՝ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով՝ դպրոցները պետք է ապաքաղաքականացվեն, դպրոցներում պետք է բարձր մակարդակով սովորեն բոլոր առարկաները, այդ թվում՝ նաև լեզուները. «Դպրոց գնացողը, բացի հայերենից՝ պետք է իմանա առնվազն երկու օտար լեզու, սա իմ մոտեցումն է: Այդ լեզուներից մեկը, իհարկե, կարող է լինել ռուսերենը, որևէ մեկը ռուսաց լեզվին դեմ չէ: Ինչ վերաբերում է մեր իրականությանը, այն շատ տխուր է: Ես ուղղակի մղձավանջում կարող էի պատկերացնել, որ անկախ Հայաստանում կարող է հետդարձ լինել դեպի ուծացում:

Ինչքան էլ ասում են՝ այդ հայեցակարգը քաղաքականացված չէ, և այլն, շատ հետաքրքիր է՝ ի՞նչ է նշանակում՝ քաղաքականացված չէ, ամեն ինչն էլ քաղաքականություն է այստեղ, բնական է, որ այս հայեցակարգի ընդունումը հաճոյանալու նպատակ է հետապնդում: Այստեղ բացարձակապես չեմ մեղադրում  Ռուսաստանին, որովհետև ցանկացած կայսրություն, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, ցանկանում է իր լեզուն տարածել, այլ խնդիր է՝ ինչպես ես դու դրան դիմադրում»:

Ա. Իշխանյանը նաև անդրադարձավ նրան, թե ինչպես Հայաստանում ընդունեցին ՌԴ-ի կրթության և գիտության նախարարուհուն. ««Трудно ползти с высоко поднятой головой», սա վերաբերում է Մանկավարժական ինստիտուտի տնօրինությանը, սա ի՞նչ է նշանակում, սրանից հետո խոսում են, որ ռուսները, մեր դաշնակիցը լինելով, զենք են վաճառում մեր թշնամուն. դու դաշնակից չես, դու հպատակ ես»:

Հարցին՝ ի՞նչ է նշանակում, որ մենք հետ ենք դառնում դեպի ուծացում, Ա. Իշխանյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ ասում, որ բոլորը կդառնան ռուսախոս, բայց ինչպես խորհրդային տարիներին, կլինեն էլիտար դպրոցներ, այսպես կոչված, ինտելիգենցիան այնտեղ կգնա, կմտածեն ռուսերեն, կխոսեն ռուսերեն, իսկ հայերենը կլինի ժարգոնային մակարդակի լեզու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս