Բաժիններ՝

Հարվարդը գլխավորել է լավագույն ամերիկյան համալսարանների տասնյակը

Հարվարդի համալսարանը, The Wall Street Journal թերթի եւ բրիտանական Times Higher Education թերթի վարկածով, գլխավորել է ԱՄՆ-ի լավագույն համալսարանների վարկանիշը, որը հրապարակվել է սեպտեմբերի 27-ին։

Ցուցակի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Նյու Յորքի Կոլումբիական համալսարանը, երրորդ տեղը կիսել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը եւ Սթանֆորդի համալսարանը: Լավագույնների տասնյակում տեղ են գտել նաեւ Դյուկի համալսարանը, Ելի համալսարանը, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Փենսիլվանիայի համալսարանը, Փրինսթոնի համալսարանը եւ Քոռնելի համալսարանը:

Ինչպես նշել է The Wall Street Journal թերթը, այս վարկանիշի կազմումը նպատակ ունի գնահատել, թե համալսարանները որքան լավ են ուսանողներին պատրաստում ինքնուրույն գործունեության դիպլոմներն ստանալուց հետո: Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվում 15 տարբեր գործոններ, այդ թվում՝ շրջանավարտների եկամուտների մակարդակը, համալսարաններից յուրաքանչյուրի ակադեմիական ռեսուրսները, դասախոսների եւ ուսանողների փոխգործակցության աստիճանը, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների բազմամշակութային միջավայրը:

Վարկանիշը կազմելիս ուշադրության են առնվել նաեւ 109 հազար ուսանողների հարցման արդյունքները, որոնց 7 հարց է առաջարկվել՝ պարզելու, թե նրանք որքան խորն են ներգրավված ուսումնական գործընթացում: Մասնավորապես, ուսանողներին խնդրել են պատասխանել, թե նրանք ինչ տպավորություններ ունեն դասախոսներից, ինչպիսին է մթնոլորտն ուսանողական միջավայրում, նրանք զգում են արդյոք, որ ուսման ընթացքում իրենց քաջալերում են քննադատաբար մտածել, եւ նրանք կարող են արդյոք խորհուրդ տալ իրենց համալսարանն ընտրել նրանց, ովքեր նոր են բուհ ընդունվելու որոշում կայացնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս