Բաժիններ՝

«Արոնյանի այս հաղթանակը հայկական շախմատի մեծ նվաճումներից մեկն է». Լիլիթ Մկրտչյան

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանի կարծիքով՝ Լևոն Արոնյանի այս հաղթանակը հայկական շախմատի կարևորագույն նվաճումներից մեկն է:

«Արոնյանի այս հաղթանակը հայկական շախմատի մեծ նվաճումներից մեկն է: Մեծ հպարտություն եմ ապրում Լևոնի համար, քանի որ կարևոր այս փուլում նա կարողացավ նման «բարձունք գրավել»: Դեռևս 2005 թվականին էր գավաթը շահել, բայց այս անգամ առավել կարևոր էր, քանի որ հիմա իրավունք ստացավ մասնակցելու հավակնորդների մրցաշարին Բեռլինում: Շատ դժվար է խաղալ նման լարված մրցաշարերում, երբ երկու պարտիան կարող են որոշիչ դառնալ»,- ասաց Մկրտչյանը:

Վերջինս խոսեց նաև մրցակցի` Դին Լիժենի մասին. «Մինչ եզրափակիչ Արոնյանի համար շատ կարևոր մրցախաղ էր Լագրավի հետ խաղը: Հենց այդ խաղում էր, որ լարվածությունը հասել էր գագաթնակետին: Լագրավին հաղթելուց հետո համոզված էր, որ կհաղթի եզրափակիչում: Արոնյանը որպես շախմատիստ պարզապես ուժեղ էր Դին Լիժենից»:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր: Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտվեց: Եզրափակիչում Արոնյանը մրցում էր չին շախմատիստ Դին Լիժենի հետ: Դասական 4 պարտիաներից հետո շախմատիստներն ունեին 2-ական միավոր և որոշիչ եղավ թայ-բրեյքը: Արագ շախմատի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով գերազանցեց մրցակցին: Երկրորդ պարտիայում ևս Արոնյանը հաղթեց: Հավաքելով 4 միավոր՝ Արոնյանը 12 տարի անց կրկին դարձավ աշխարհի գավաթակիր:

Նա աշխարհում առաջին շախմատիստն է, ով շահում է աշխարհի գավաթը երկրորդ անգամ: Մրցաշարն անցկացվում էր, այսպես կոչված, «նոկաուտ» համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում էին 128 շախմատիստ: Արոնյանը իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել դեռևս 2005 թվականին: Հայ գրոսմայստերը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս