Բաժիններ՝

«Արագ շախմատում Լևոնը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին». Տիգրան Պետրոսյան

Շախմատային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կարծիքով՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանի հաղթանակը սպասված էր:

«Լևոնը բավականին վստահ էր հանդես գալիս շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: Ամբողջ խաղարկության ընթացքում ընդամենը մեկ-երկու անգամ էր, որ կասկածի տեղիք տվեց, թե կանցնի՞ հաջորդ փուլ: Արոնյանը շատ վստահ էր խաղում: Իսկ ինչ կապված է եզրափակիչ մրցախաղի հետ, ապա այն անցավ Լևոնի մեծ առավելությամբ և հաղթանակն էլ արժանի էր: Դասական պարտիաներում ուներ շահած դիրքեր, բայց դրանք ոչ-ոքիներով ավարտեց: Արագ շախմատում Լևոնը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: Չինացի բոլոր շախմատիստները շատ համառ են, և Լիժենն էլ իր հերթին շատ ուժեղ շախմատիստների է պայքարից դուրս թողել: Եթե մրցաշարի սկզբում ասեին, որ Արոնյանը կհասնի եզրափակիչ, կհավատայի, բայց որ նրա մրցակիցը կլինի Դին Լիժենը, ինձ համար մի քիչ անհավանական կհնչեր»,-լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոսյանը;

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր: Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտվեց: Եզրափակիչում Արոնյանը մրցում էր չին շախմատիստ Դին Լիժենի հետ: Դասական 4 պարտիաներից հետո շախմատիստներն ունեին 2-ական միավոր, և որոշիչ եղավ թայ-բրեյքը: Արագ շախմատի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով գերազանցեց մրցակցին: Երկրորդ պարտիայում ևս Արոնյանը հաղթեց:

Հավաքելով 4 միավոր՝ Արոնյանը 12 տարի անց կրկին դարձավ աշխարհի գավաթակիր: Նա աշխարհում առաջին շախմատիստն է, ով շահում է աշխարհի գավաթը երկրորդ անգամ: Մրցաշարն անցկացվում էր, այսպես կոչված, «նոկաուտ» համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում էին 128 շախմատիստ: Արոնյանը իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել դեռևս 2005 թվականին: Հայ գրոսմայստերը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնություն հաղթող է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս