Բաժիններ՝

ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Ադրբեջանի պաշտոնյաներին պատժամիջոցների ենթարկելու նախագիծ

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի եւ Ջիմ ՄքԳավերնի նախաձեռնությամբ օրենքի նախագիծ է ներկայացվել, որը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում: Ինչպես հաղորդում էԱմերիկայի ձայնը, այս մասին ասվում է կոնգրեսական Քրիս Սմիթի պաշտոնական կայքէջում:

«Ադրբեջանի իշխանությունը շարունակում է բռնություններ կիրառել, քաղաքական նկատառումներով քրեական մեղադրանքներ ներկայացնել, առեւանգել եւ այլ կերպ փորձել լռեցնել մարդու իրավունքների պաշտպաններին, անկախ լրագրողներին եւ կրոնական առաջնորդներին: Մեր երկրների միջեւ ակնհայտորեն առկա են կարեւոր անվտանգության եւ տնտեսական կապեր, այնուամենայնիվ, նման խախտումները չեն կարող անտեսվել», – նշել է կոնգրեսական Քրիս Սմիթը:

Նախագիծը նախատեսում է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգներն առաջնահերթությունը տալու է մարդու իրավունքների եւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը: Նշված իրավունքներն ու ազատությունները խախտող Ադրբեջանի իշխանավորների նկատմամբ օրենքը նախատեսում է «Մագնիցկու ցուցակի» օրինակով պատժամիջոցների կիրառում: Նախագիծը նաեւ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել հետապնդումները ժողովրդավար կառավարության կողմնակիցների նկատմամբ:

«Գլոբալ Մագնիցկու Ակտը ճանապարհ է հարթել դեպի նոր ժամանակաշրջան, որտեղ Միացյալ Նահանգները կարող է պաշտպանել մարդու իրավունքները», -ասել է կոնգրեսականը:

Նա մասնավորապես առաջարկում է որպես պատժամիջոց Միացյալ Նահանգներ մուտքի իրավունքի արգելումը եւ ադրբեջանցի պաշտոնյաների հաշիվների սառեցումը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս