
«ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ընդունման պահին անհամաձայնություններ չեն եղել». ՌԴ մաքսային ծառայության ղեկավար

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի ընդունման պահին միության անդամ երկրների միջև անհամաձայնություններ չեն մնացել: Երևանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը:
«Մաքսային օրենսգիրքը քննարկվել է շուրջ 5 տարի: Բնականաբար, այդ ընթացքում եղել են տարբեր մոտեցումներ, անհամաձայնություններ, սակայն օրենսգիրքն ընդունելու պահին այդպիսի հարցեր չեն մնացել: Հիմա շատ կարևոր է, որպեսզի Միության անդամ երկրները պատրաստեն իրենց օրենսդրությունն այնպես, որպեսզի մենք կարողանանք միաժամանակ գործի դնել մաքսային օրենսգիրքը մեր երկրներում»,- ասաց Բուլավինը:
Նա նշեց,որ մաքսային ոլորտի հիմնական երկու «խաղացողներն» են բիզնեսը և մաքսային ծառայությունները: Նրա խոսքով` մաքսային ոլորտում հարաբերությունների նորմալացման առաջնային պայման է բիզնեսի և մաքսային ծառայությունների` միմյանց ընդառաջ գնալը:
«Ռուսաստանում այդ ուղղությամբ մենք վերջին շրջանում լուրջ քայլեր ենք իրականացրել, ինչի արդյունքում մեր երկրի մաքսային ծառայությունը բիզնեսի ոլորտում ավելի շատ բարեկամներ է ձեռք բերել: Մենք կարողացել ենք ավելացնել մեր ծառայության նկատմամբ վստահության մակարդակը»,- հայտարարեց ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարը: