
Վերջին գերմանացի զինվորները լքել են թուրքական Ինջիրլիքի ռազմաբազան

Գերմանացի զինվորականներն ավարտել են թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս գալու գործընթացը: Գերմանիայի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Ինջիրլիքում գտնվող վերջին գերմանացի զինվորները սեպտեմբերի 27-ին հեռացել են ռազմաբազայից: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Ինջիրլիքի ռազմաբազայում տեղակայված էին գերմանացի 260 զինվոր, վեց Tornado տեսակի հետախուզական ինքնաթիռները, ինչպես նաև վառելիքի լիցքավորման ինքնաթիռ: Գերմանիան այս ռազմաբազայից մասնակցում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին:
Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, ինչ թուրքական կողմը արգելեց Բունդեսթագի պատգամավորներին այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորներին: Պաշտոնական Անկարան որոշումը պայմանավորեց նրանով, որ Գերմանիան չի կատարում իրենց պահանջն ու չի հանձնում այդ երկրում գտնվող գյուլենականներին և Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին:
Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորների ձայների մեծամասնությամբ հունիսի 22-ին որոշում էր ընդունել հետ կանչել իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից: Որոշման օգտին էր քվեարկել 569 պատգամավորից 461-ը, դեմ՝ 85-ը, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Այդպիսով պատմության մեջ առաջին անգամ գերմանական բանակն իր զինվորներին դուրս բերեց ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայից և տեղափոխեց մեկ այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի՝ Հորդանանի ռազմաբազա: