Բաժիններ՝

«Նման հեշտ հաղթանակ չէինք ակնկալում». Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ խաղի մասին:

«Մենք չէինք ակնկալում, որ այսքան արագ առաջ կանցնենք հաշվի մեջ և գոլեր կխփենք իրար հետևից: Նման հեշտ հաղթանակ չէինք ակնկալում, սակայն մենք արժանի ենք դրան: ԲԿՄԱ-ն դեռ հնարավորություն ունի հաղթահարելու խմբային փուլը, ես նրանց հաջողություն եմ մաղթում»,- ասել է Մխիթարյանը:

Խոսելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հոբելյանական՝ 50-րդ խաղի մասին՝ Մխիթարյանն ասել է. «Նախ շնորհակալություն բոլոր հայերին, ովքեր եկել էին աջակցելու: Հուսով եմ, գոլն ուրախացրեց նրանց: Ուրախ եմ, որ 50-րդ հանդիպումն եմ անցկացնում «Յունայթեդ»-ի կազմում: Բայց առավել կարևոր են հաղթանակը և 3 միավորը»:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին (1:4): Մեկնարկային րոպեներից «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առավելությունն ակնհայտ էր. արդեն խաղի 3-րդ րոպեին նրանք առաջ անցան հաշվի մեջ: Գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Լուկակուն: Խաղի 17-րդ րոպեին ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ:

Նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացեց Մարսիալը: Խաղի 26-րդ րոպեին ԲԿՄԱ-ի պաշտպանների սխալից օգտվելով՝ դուբլի հեղինակ դարձավ Լուկակուն: Երկրորդ կեսում Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խփեց իր գոլը: Խաղի 57-րդ րոպեին հայ կիսապաշտպանը դարձավ «կարմիր սատանաների» 4-րդ գոլի հեղինակ և ընդամենը 2 րոպե անց փոխարինվեց: Այս հանդիպումը Մխիթարյանի համար հոբելյանական էր, նա իր 50-րդ խաղն էր անցկացնում «կարմիր սատանաների» կազմում: Հանդիպման վերջնամասում ԲԿՄԱ-ին հաջողվեց հեղինակության գնդակ խփել: Աչքի ընկավ Կուչաևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս