
Սպիտակ տունն առաջարկել է 2018 թվականին ընդունել մինչև 45 հազար փախստական

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զեկույց է հղել Կոնգրես 2018 ֆինանսական տարում մինչեւ 45 հազար փախստական ընդունելու առաջարկությամբ: Այդ մասին ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչը։ ԱՄՆ-ում 2018 ֆինանսական տարին սկսվում է 2017 թվականի հոկտեմբերի 1-ին:
Նրա խոսքով՝ 2017 ֆինանսական տարում ԱՄՆ-ն ընդունել է շուրջ 54 հազար փախստական: Այսպիսով, Թրամփի վարչակազմը պլանավորում է 10 հազարով կրճատել փախստականների ընդունումը: Այս թիվը կդառնա փախստականների ընդունման ամենացածր շեմը 1980 թվականին նրանց ընդունման օրենքի ստորագրման պահից: Այդ պահից ի վեր վերին ցուցանիշը երբեք ցածր չի եղել 67 հազարից, եւ վերջին տարիներին կազմում էր շուրջ 70-80 հազար: 2016 ֆինանսական տարում այդ ցուցանիշը նախագահ Բարաք Օբամայի օրոք կազմել է 75 հազար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: