«Աղվանն իմ մանկության ընկերն է, ճանաչում եմ վաղուց. դատավորն ինքնաբացարկ է հայտնել». «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի գործը վարույթ ընդունած դատավորն ինքնաբացարկ է հայտնել:

Հիշեցնենք, որ սույն քրեական գործը քննվում է հենց այն նույն դատարանում, որտեղ աշխատելիս են եղել կալանավորված դատավորները:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը վարույթ ընդունած Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը, ծանոթանալով քրեական գործի նյութերին, «պարզել է», որ գործով մեղադրյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանն իր մտերիմ ընկերն է:

«Մեղադրյալ Աղվան Ալբերտի Պետրոսյանն իմ մտերիմ ընկերն է, որին ճանաչում եմ վաղուց: 1990 թվականին ծանոթացել ենք ԵՊՀ-ի ընդունելության քննությունների ժամանակ: 1996-1997 թվականներին աշխատել ենք Երևան քաղաքի Շենգավիթի ՆՎՇՏ-ի դատարանում: 2004 թվականից աշխատել ենք ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավորի պաշտոնում:

2008 թվականի հունվարի 1-ից Աղվան Ալբերտի Պետրոսյանը վերը նշված դատարանի նախագահ է: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն՝ «դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ…»

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է նոր դատավորի՝ Վարդան Հարությունյանին: Նիստի օր դեռ չի որոշվել

Դատավորները կալանավորվել են երեք ամիս առաջ՝ մեղադրվելով առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս