«Մենք արդեն հայտնի եղանք, մարդիկ սկսեցին մեզ ճանաչել». Սիրիահայ ընտանիքը որոշել է մնալ Հայաստանում
Հալեպից Հայաստան եկած Ռշտունիների ընտանիքն այստեղ է արդեն հինգ տարի: 2012 թվականն էր, երբ բազմաթիվ սիրիահայ ընտանիքների թվում Ռշտունիները տեղափոխվեցին Երևան: Ինչպես շատերը, Ռշտունիները նույնպես սկզբում որոշել էին կարճ ժամանակով մնալ՝ մեկ ու կես ամսով: Հույս ունեին, որ իրավիճակը շուտով կհանդարտվի, սակայն տարիներ ձգվող պատերազմը փոխեց նրանց ծրագրերը: Հասկանալով, որ շարունակում են մնալ Հայաստանում սկսեցին մտածել աշխատանքի խնդիրը լուծելու ուղղությամբ:
Տիկին Յոլանդ Ռշտունին Հալեպում չի աշխատել, իսկ քաղցրեղեն պատրաստելը, խոհարարական աշխատանքը եղել է սիրողական զբաղմունք: Հիմնականում ընտանիքի, հարազատների համար է պատրաստել: Հայաստանում հարմար աշխատանք չգտնելով, որոշվեց քացրեղենի, ուտեստների պատրաստմամբ զբաղվել: Նա և ամուսինը այս տարիների ընթացքում Հայաստանում փորձեցին իրենց փոքրիկ գործը սկսել:
«Խոհարարական հմտություններին ծանոթ էի, սակայն այստեղ հաճախեցի դասընթացների: Նպատակ ունեի տեղի ճաշատեսակների պատրաստմանը ևս ծանոթանալ: Դա ինձ շատ օգնեց, քանի որ սիրիական խոհանոցին ծանոթ էի, Հայաստանում պահանջված ճաշատեսակներին էլ ծանոթացա, որից հետո երկուսի համադրությամբ հետաքրքիր առաջարկներով հանդես եկա: Դրանից բացի, ես և ամուսինս մասնակցեցինք բիզնես դասընթացների` մեր գործն առաջ տանելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Յոլանդ Ռշտունին:
Ռշտունիների գործը կամաց-կամաց հաջող ընթացք ունեցավ: Սկզբում իրենց աշխատանքը վաճառում էին ցուցահանդեսներում, այնուհետև սոցցանցերով և հեռախոսով սկսեցին պատվերներ ընդունել: Այսօր շատերը գիտեն Յոլանդ Ռշտունու պատրաստած ճշատեսակների ու քաղցրեղենի համի մասին:
«Մենք արդեն հայտնի եղանք, մարդիկ սկսեցին մեզ ճանաչել, մեր աշխատանքը գնահատել: Այսօր մեզ պակասում է սեփական խանութ ունենալը: Մենք առայժմ վարձակալությամբ ենք ապրում, հետևաբար չենք կարող նորից վարձակալությամբ տարածք վերցնել ու խանութ բացել»,-ասաց Յոլանդ Ռշտունին:
Մեր այն հարցին, թե Հալեպի ազատագրումից հետո արդյոք մտածում են Սիրիա վերադառնալու մասին, տիկին Ռշտունու պատասխանը միանշանակ էր:
«Ոչ, Հալեպ չենք վերադառնալու: Մենք շատ ենք սիրում Հայաստանը: Այստեղ բոլորը հայ են, շուրջբոլորը հայերեն են խոսում, այտեղ շատ հանգիստ ենք»,- նշեց Յոլանդ Ռշտունին:
Հալեպում Ռշտունիների ընտանիքի միայն տունն է պահպանվել: Գործարանն ամբողջությամբ քանդվել, թալանվել է: Այժմ տիկին Յոլանդի ամուսինը պատրաստվում է մեկնել Հալեպ՝ փորձելով վաճառել տունը: Նպատակ ունեն այդ գումարով Հայաստանում տուն գնել և բացել իրենց երազած խանութը: