Պանիրը թանկացել է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրապետությունում պանիրը թանկացել է: Մեկ շաբաթ է «Լոռի» տեսակի պանիրը վաճառվում է կիլոգրամը 1900–2000 դրամով: Պանրի մեկ կիլոգրամի գինը բարձրացել է 100 դրամով: Արտադրողները բացատրում են՝ կաթն են թանկ գնում:
«Անցյալ տարի այս ժամանակ կաթի լիտրը 100-120 դրամ էինք գնում, իսկ այսօր՝ 130-140 դրամ, դրա համար էլ մենք մեր արտադրանքն ենք ստիպված թանկացնում»,- «Փաստ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեց Աշոցքի պանրի գործարանի տնօրեն Գեորգի Բաղդասարյանը:
Այս տարի հանրապետությունում երաշտ է գրանցվել, եղանակային պայմաններն արդեն իրենց ազդեցությունը թողել են. կաթի արտադրությունը պակասել է: Այն իր հերթին բացասական հետեւանքներ է ունեցել պանրի արտադրության ծավալների վրա:
«Էս 40 տարվա մեջ ես այսպիսի բան չեմ հիշում: Հազիվ կարողացել եմ մի 400 տոննա կաթ ընդունել: Երաշտով պայմանավորված` կաթ չկա»,– նշեց պանրագործը:
Պանրի արտադրության ծավալները նվազել են՝ իր հերթին փաստեց Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը:
«Կաթի քանակը քիչ է, դրանով էլ պայմանավորված` պանրի արտադրության ծավալներն են քչացել: Եկող տարվա սկզբին արդեն պանրի դեֆիցիտ է սպասվում»,– հայտնեց Գիգոյանը:
Պանրի արտադրության ծավալների նվազմամբ պայմանավորված՝ նաեւ արտահանման ծավալներն են կրճատվել: Առայժմ տվյալներ չկան, բայց պանրագործները վստահեցնում են՝ նախորդ տարիների համեմատ արտահանման ծավալները պակաս կլինեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: