Ապարանում ՀՀԿ-ի թեկնածուի հարցի շուրջ «մի թեթև» խնդիր կա. «ՀԺ»

Օրերս «Ժամանակ» թերթը գրեց, որ նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ապարան քաղաքում ՀՀԿ-ն որոշել է առաջադրել «Գնթունիք» ընկերության սեփականատեր Կարեն Եղիազարյանին: ՀՀԿ-ում գտնում են, որ Եղիազարյանը երիտասարդ ու խոստումնալից կադր է, հաջողակ ու հետաքրքիր բիզնեսմեն, բացի դա իր մարդկային որակներով ընդունելի է ապարանցիների համար՝ նրան հարգում և ընդունում են:

Ու քանի որ ամենայն հավանականությամբ Ապարանում, բացի ՀՀԿ-ի թեկնածուից, այլ քաղաքական ուժեր իրենց  թեկնածուներին կարող են եւ չառաջադրվել, հետեւաբար, ով էլ լինի ՀՀԿ-ի թեկնածուն, նա էլ կդառնա համայնքապետ: Կարեն Եղիազարյանի հետ կապ հաստատել եւ այս թեմայով զրուցել մեզ այդպես էլ չհաջողվեց: Բայց փոխարենը տեղեկացանք, որ Ապարանում ՀՀԿ-ի թեկնածուի շուրջ «մի թեթև» խնդիր կա:

Ըստ մեր հավաստի աղբյուրներից ստացած տեղեկությունների, Կարեն Եղիազարյանի թեկնածությանը սատարում են Ապարանում «կշիռ» ունեցող ՀՀԿ-ականների մեծ մասը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, որը Կարեն Եղիազարյանին ընդունում է հարազատի պես ու շատ է հարգում: Մեր զրուցակիցը նշում էր, որ Եղիազարյանի թեկնածությանը համաձայն են նաեւ մարզպետը, անգամ՝ Ապարանի գործող քաղաքապետը: Վերջինս, ի դեպ, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ հավանաբար ինքը չի առաջադրվի:

Բայց Եղիազարյանի թեկնածությունը, ինչպես նշում է մեր աղբյուրը, ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի սրտով չէ:

Ըստ մեր աղբյուրի՝ Սահակյանը փորձում է Արագածոտնի տարբեր համայնքներում որպես ՀՀԿ-ի թեկնածուներ առաջադրել իր վստահելի մարդկանց, ու այս անհամաձայնությունը անհասկանալի իրավիճակ է ստեղծել:

Եվ դա է պատճառը, նշում է մեր աղբյուրը, որ Կարեն Եղիազարյանի թեկնածության վերաբերյալ վերջնական որոշում կայացնել մինչ օրս չի հաջողվել: Ու քանի որ ՏԻՄ ընտրությունները ՀՀԿ-ում խիստ կարեւորում են, չեն ցանկանում, որ բանը հասնի ակնհայտ ու սուր դիմակայության: Այդ իսկ պատճառով, կոնկրետ Ապարանի դեպքում թե ով կլինի համայնքապետի ՀՀԿ-ական թեկնածուն՝  որոշելու է ՀՀԿ վերնախավը՝ ամենաբարձր մակարդակով:

«Ընդհանրապես մարզային կառույցը պետք է առաջարկի թեկնածուներ, բայց վերջնական որոշումը կայացնելու է ամենագլխավորը: Հիմա բոլորը սպասում են ամենագլխավորի վերջնական որոշմանը: Ու քանի դեռ այդ որոշումը չկա, հավանական թեկնածուներից եւ ոչ մեկի, հատկապես Կարեն Եղիազարյանի՝ մամուլի հետ շփումները ցանկալի չեն»,- նշում է մեր աղբյուրը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս