«Միայն տգետը նման բան կասեր». նախկին ռեկտորը` ՇՊՀ-ի սկանդալի մասին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի պետական համալսարանում ստեղծված իրավիճակի թեմայով armtimes.com-ը զրուցել է բուհի նախկին ռեկտոր, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հետ:

– Պարո՛ն Գրիգորյան, մանկավարժականի նախկին աշխատակիցներից Լենա Խաչատրյանը դիմել էր մեր խմբագրություն եւ տեղեկացրել, որ իրեն ներկայիս ռեկտոր Սահակ Մինասյանը հեռացրել է աշխատանքից`պատճառաբանելով, որ նա «Ձեր մարդն» է: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ինստիտուտում բոլորն էլ իմ մարդիկ են, եթե միայն մեկին է դիտարկում իմ մարդը, բան չեմ կարող ասել: Լենայի ազատման համար, ինչքան ես գիտեմ, սարքած բան է եղել, իբր փաստաթուղթ է կորել: Իմ աշխատած տարիներին նման անփույթ աշխատանք չի եղել Լենայի կողմից: Եթե դա է եղել աշխատանքից ազատելու պատճառը, շատ վատ է, որովհետեւ Լենան աշխատել է ինձ նախորդած երկու ռեկտորների ժամանակ:

– Համալսարանի երկու դասախոսներ բաց նամակով դիմել էին նախագահին եւ վարչապետին`պնդելով, որ Սահակ Մինասյանը բուհն ավերում է: Բյուջեն անհիմն է ծախսվում:

– Ես գործուղման մեջ եմ եղել, բաց նամակի բովանդակության հետ ծանոթ չեմ: Միայն մի բան կարող եմ ասել, որ իմ պաշտոնավարման ժամկետը երբ ավարտվեց, ես բուհը թողել էի ֆինանսական լավ վիճակում, որի մասին ներկայիս ռեկտորը մի քանի անգամ բարձրաձայնել է: Տնտեսել  էի կես միլիարդ դրամ:

– Պարո՛ն Գրիգորյան, ՇՊՀ-ի դասախոս Գագիկ Համբարյանը բարձրաձայնում է, որ Մինասյանը համալսարանի գրքերը որակել է հին եւ մակուլատուրայի է ուղարկել: Կայի՞ն Գյումրու մանկավարժականում նման գրքեր:

– Անպետք գիրք հասկացություն չկա: Բոլոր գրքերն ունեն իրենց բովանդակությունը, եւ չկա գիրք, որ դրական ազդեցություն չունենա: Միայն տգետը կարող է ասել, որ գիրքն անպետք է: Եղեռնի ժամանակ մարդիկ, թողած հարստությունը, գրքերն էին վերցնում: Ինստիտուտում մենք հարուստ գրականություն ունենք, որոնք հիվանդ չէին, մենք լավ էինք պահում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս