ԱՄՆ-ի մասնավոր ընկերությունները տիեզերք զբոսաշրջիկներ կուղարկեն առաջիկա երկու տարում
2 ժամ 11 րոպե. տիեզերական տարածությունում մնալու հենց այս ժամանակն են առաջարկում իրենց ապագա սպասարկյալներին Virgin Galactic-ը եւ Blue Origin-ը՝ Միացյալ Նահանգների առաջատար մասնավոր ընկերությունները, որոնք պլանավորում են առաջիկա տարիներին իրագործել տիեզերական զբոսաշրջության բնագավառի պլանները:
«New Shepard տիեզերանավի ենթաուղեծրային թռիչքը կտեւի 2 ժամ 11 րոպե,- հայտնել է Blue Origin ռազմավարական ծրագրի ղեկավար Արիանա Քոռնելը՝ սեպտեմբերի 26-ին ելույթ ունենալով Ադելաիդայում տեղի ունեցող՝ Աստղագնացության միջազգային կոնգրեսում:- Պատիճախցիկի, որտեղ կտեղավորվի վեց մարդ, մակերեւույթի մեկ երրորդը կզբաղեցնեն լուսանցույցները»: Թռիչքի ավարտից հետո պատիճախցիկը երեք պարաշյուտների միջոցով բավականաչափ փափուկ վայրէջք կկատարի Տեխասի հյուսիսում: «Մենք ցանկանում ենք մարդիկ ուղարկել մեկ – երկու տարի հետո,- պատմել է Քոռնելը ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում:- Այդ ժամանակամիջոցում մենք կիրականացնենք մի քանի փորձնական թռիչքներ, այսինքն՝ առանց մարդկանց»:
Եթե New Shepard-ն ուղղաձիգ մեկնարկում է միաստիճան բազմակի օգտագործման հրթիռի միջոցով, ապա Virgin Galactic ընկերության SpaceShipTwo տիեզերանավն արձակման բարձրություն (շուրջ 20 կիլոմետր) կհասցվի White Knight Two ինքնաթիռով, ինչից հետո այն արդեն ինքնուրույն կգնա ավելի մեծ բարձրություն: