Բաժիններ՝

Իրաքյան Քրդստանը համարժեք պատասխան կտա Բաղդադի գործողություններին. Բարզանի

Իրաքյան Քրդստանի իշխանությունները համապատասխան կերպով կհակազդեն Բաղդադի այն գործողություններին, որոնք նա ձեռնարկում է տարածաշրջանի նկատմամբ անկախության հանրաքվեից հետո: Այդ մասին հայտարարել է Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին:

«Եթե Բաղդադի կենտրոնական իշխանությունները միակողմանի որոշումներ ընդունեն Իրաքյան Քրդստանի դեմ, ապա, անկասկած, մենք ձեռքներս ծալած չենք նստի եւ կհակազդենք համապատասխան կերպով»,-ասել է ինքնավար տարածաշրջանի կառավարության ղեկավարը, հայտնել է Shafaq News ինտերնետ-պորտալը:

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում հանրաքվե է անցկացվել ինքնավարության անկախության շուրջ: 3,44 մլն քվեաթերթիկների հաշվման արդյունքներով, ավելի քան 90 տոկոսը քվեարկել է անկախության օգտին: Հանրահարցման վերջնական արդյունքները դեռեւս չեն հրապարակվել:

Հանրաքվեի անցկացմանը դեմ էին Իրաքի կենտրոնական կառավարությունը՝ այն համարելով ոչ սահմանադրական, ինչպես նաեւ Անկարան եւ Թեհրանը, որոնք հանդես են գալիս արաբական երկրի միասնության օգտին: Տվյալ փուլում հանրաքվեն անտեղի են համարում Վաշինգտոնում եւ եվրոպական մի շարք երկրներում, քանի որ այն, նրանց համոզմամբ, խարխլումէ ահաբեկչության դեմ մղվող պայքարը եւ տարածաշրջանի անվտանգությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս