«ՀՀ-ն ԵԱՏՄ-ում անելիք չունի». Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Ելք» խմբացության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:

Նա նշեց, որ ինչպես 2014. դեկտեմբերին, երբ քննարկվում էր ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը, այսօր էլ իրենք շարունակում են կարծել, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ում անելիք չունի և ԵԱՏՄ-ն լրջագույն սպառնալիքներ է ստեղծել ՀՀ ռազմաքաղաքական, քաղաքական, տնտեսության, անվտանգության համար և վերջին 2.5-3 տարիները հիմնավորել են այս պնդումները.

«Այսօր և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմաքաղաքական առումով ԵԱՏՄ կանխատեսվող սպառնալիքները՝ մի կողմից, և անարդյունավետությունը՝ մյուս կողմից, արդարացվել են»:

Ն.Փաշինյանը նշեց մի հանգամանք` տնտեսական միություն ընդհանրապես բացակայում է, քանի որ Ղազախստանի և Բելառուսի հետ ՀՀ-ն խիստ ցածր առևտրաշրջանառություն ունի, իսկ Ղրղզստանի հետ այն բացակայում է, մինչդեռ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների պարագայում առևտրաշրջանառությունը շատ ավելի է, մասնավորապես` Ղազախստանի ցուցանիշին գերազանցում է 30-40 անգամ:

«Էս ի՞նչ տնտեսական միություն ա, որտեղ միայն անկումներ են արձանագրվում»,- հարցադրում արեց պատգամավորը:

Ըստ նրա` քաղաքական առումով ԵԱՏՄ-ին անդամակցությունը շատ վտանգավոր և նեգատիվ է 2 պատճառով` ԵԱՏՄ գործընկերների կողմից անընդհատ առկա է արհամարհանք մեր պետականության նկատմամբ, և շատ ցինիկ միջամտություններ կամ նման փորձեր ՀՀ ներքին գործերին.

«Այն մտավախությունը, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուվ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքներ են ստեղծվել, ավելի են թանձրացել և ավելի կոնկրետ են դառնում»:

Ն.Փաշինյանը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելիս առավել շատ օգտագործվել է «անվտանգություն» բառը, իսկ այսօր իշխանավորները դա հերքում են, նույնիսկ Արտաշես Գեղամյանը գիրք է գրել այդ մասին:

Սակայն, ինչպես արձանագրեց Փաշինյանը, անվտանգության դրույթը չի ապահովվել, և անգամ շատ հնարավոր է, որ ապրիլյան պատերազմի հարցերը Ադրբեջանը համաձայնեցրել է ՀՀ գործընկերների հետ, իսկ ԵԱՏՄ որոշ անդամներ թշնամական դիրքորոշում են արտահայտել, Բելառուսն ու Ղազախստանն Ադրբեջանի հետ շատ ավելի խորը ռազմաքաղաքական, տնտեսական և քաղաքական հարաբերություններ ունեն, քան Հայաստանի հետ, իսկ Ռուսաստանի դեպքում դեռ պետք է վերլուծել և հասկանալ՝ ում գործընկերն է:

Հիշեցնելով սեպտեմբերի 3-ի «գիշերային» որոշումը` Ն.Փաշինյանը հայտարարեց, որ պետք է վերադառնալ այդ նույն գիշերվա վիճակին և նորից որոշում կայացնել:

Տեսանյութեր

Լրահոս