Բաժիններ՝

Հրթիռներ են պայթել Քաբուլի օդանավակայանի մերձակայքում. Al Jazeera

Մի քանի հրթիռ է սեպտեմբերի 27-ին պայթել Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում: Ինչպես հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը, առնվազն երկու հրթիռ է ընկել օդանավակայանի մոտ այն բանից քիչ հետո, երբ Աֆղանստանի մայրաքաղաք են ժամանել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Tolo News աֆղանական հեռուստաալիքի տվյալներով՝ Քաբուլի միջազգային օդանավակայանից բոլոր թռիչքները չեղարկված են, կատարվում է մարդկանց տարհանում:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով Քաբուլ են ժամանել սեպտեմբերի 27-ին: Khaama Press գործակալության տվալներով՝ Մեթիսը եւ Ստոլտենբերգը այցի ընթացքում բանակցություններ կվարեն երկրի ղեկավարության հետ, նաեւ համատեղ մամուլի ասուլիս է պլանավորված նախագահ Աշրաֆ Ղանիի հետ:

Նշվում է, որ սա Պենտագոնի ղեկավարի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին այցն է հանրապետություն Աֆղանստանում ԱՄՆ-ի նոր ռազմավարության հրապարակումից հետո, ըստ որի ամերիկյան զինուժերն այնտեղ ուշադրությունը կենտրոնացնելու են ահաբեկչության դեմ մղվող պայքարի վրա:

ԱՄՆ-ն Աֆղանստանում ռազմական գործողությունն սկսել է 2001 թվականի աշնանը: Ներկայում այնտեղ են գտնվում միջազգային կոալիցիայի մոտավորապես 13 հազար զինծառայողներ, այդ թվում՝ շուրջ 8,4 հազար ամերիկացի զինվորներ ու սպաներ: Նրանք առավելապես զբաղվում են աֆղանական ստորաբաժանումների ուսուցմամբ, ինչպես նաեւ հանդես են գալիս ռազմական խորհրդատուների դերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս