
«Ես կուզեի, որ Միացյալ Թագավորությանը համարեիք այդպիսի ճանապարհի ընկեր». Սըր Ալան Դանքընն օժանդակություն է առաջարկում ՀՀ-ին

«Միացյալ Թագավորությունը խորապես ողջունում է Հայաստանի որոշումը` անցում կատարելու խորհրդարանական կառավարման համակարգի: Սա շատ կարևոր քայլ է ժողովրդավարության ճանապարհին»,- այսօր ԱԺ-ում «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառման ժամանակ հայտարարեց ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընը:
Նա ներկայացրեց բրիտանական կառավարման համակարգը, ՄԹ-ի խորհրդարանական ժողովրդավարության «ճամփորդությունը» և աջակցություն առաջարկեց ՀՀ «ճամփորդության» ժամանակ:
Նախարարը նկատեց, որ ՄԹ-ի խորհրդարանում սեղաններն ավելի հակամարտող ձևով են դասավորված, նեղ միջանցքի հեռավորությունը երկու թրի և մեկ դյույմ երկարություն ունի, քանի որ նախկինում պառլամենտականները թրերով էին գալիս աշխատանքի:
Սըր Ալան Դանքընը նշեց, որ ՀՀ նոր խորհրդարանի աշխատանքը փորձություն կլինի ՀՀ ժողովրդավարության կայացման ճանապարհին: Նա ողջունեց նոր ընտրված 40 պատգամվորներին:
«Խորհրդարանական ժողովրդավարության տանող ճանապարհը միշտ չէ դյուրին և հարթ: Պետք է հստակ նպատակ ունենալ և ճանապարհի օժանդակող ընկեր: Ես կուզեի, որ Միացյալ Թագավորությանը համարեիք այդպիսի ճանապարհի ընկեր: Կարող եք համոզված լինել, որ մենք կօժանադակենք ձեզ»,- ասաց բրիտանացի նախարարը: