1 մլն 800 հազար դրամ վճարիր՝ զինգրքույկդ ստացիր. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախատեսվում է Ազգային ժողովում քննարկել օրենքի նախագիծ, որով պարտադիր զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած երիտասարդներին հնարավորություն կընձեռվի կատարել համապատասխան վճարում և զերծ մնալ քրեական հետապնդումից: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում նման փոփոխություն առաջարկում են իրականացնել ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը:
Փաստաբան Նորիկ Նորիկյանի խոսքով՝ լինում են անձինք, ովքեր մինչև 18 տարեկանը լրանալը միայնակ կամ ընտանիքների հետ հեռանում են Հայաստանից, չեն ներկայանում պարտադիր զինվորական ծառայության: Նրանց նկատմամբ հարուցվում է քրեական գործ, հայտարարվում է հետախուզություն: «Հիմա այս մարդկանց 27 տարին լրանում է, իսկ օրենսդիրը սահմանում է, որ այս մարդիկ ամեն զորակոչի համար վճարեն սահմանված 100 հազար դրամը: Այսինքն՝ 18-27 տարեկանի համար դա կազմում է 18 զորակոչ՝ վճարում են 1 մլն 800 հազար դրամ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը կարճվում է, և նրանք կարողանում են վերադառնալ Հայաստան»,- ասում է փաստաբանը:
Այժմ առաջարկվում է երկարացնել այդ ժամկետը: Այսինքն, եթե գործող օրենքը վերաբերում էր մինչև 2015 թ. մայիսի 1-ին 27 տարին լրացած քաղաքացիներին, ապա նոր օրենքը ներառում է բոլոր նրանց, ում 27 տարին լրացել է մինչև 2017 թ. մայիսի 1-ը:
«Այս օրենքը ոչ հավասար պայմաններ է ստեղծում ՀՀ քաղաքացիների համար: Նրանք, ովքեր ունեն հնարավորություն, գնում են, հետո գալիս են, վճարում են գումարը և չեն ենթարկվում քրեական պատասխանատվության: Այս տարբերակը միշտ լինելու է, և շատերն են օգտվում: Ինչպես կարգավորենք խնդիրը: Նրանց զրկե՞նք ՀՀ վերադառնալուց, թե՞ պետությունը պետք է այդ 1 մլն 800 հազարը փոխարինի այլ թվով: Պետությունը պետք է խնդիր դնի, թե վերցնելով այս 1 մլն 800 հազար դրամը իսկապե՞ս սոցիալական արդարության հարց է լուծում: Պետությունը պետք է հաշվի առնի, որ ունի պրոֆեսիոնալ բանակի ստեղծման կարիք»,- ասում է Նորիկյանը և ավելացնում, որ այդ երիտասարդները մեկ կամ 10 հոգի չեն, հազարավոր երիտասարդներ են և արտագաղթին զուգահեռ նրանց թույլ չտալ վերադառնալ հայրենիք ևս խնդիր է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: