ՀԱՊԿ-ի պատասխանը ՆԱՏՕ-ին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ-ն հոկտեմբերին լայնամասշտաբ զորավարժություն է իրականացնելու Հայաստանում՝ Բաղրամյան զորավարժարանում: Պլանավորված է այդ զորավարժությունը, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն դրա մասի, կարծես թե, հնչում է առաջին անգամ: Այսպես թե այնպես, Բաղրամյան վարժարանում հոկտեմբերին անցկացվող զորավարժությունը բավական ուշագրավ է տարածաշրջանում տեղի ունեցող ռազմաքաղաքական դինամիկ գործընթացների ֆոնին:
Այստեղ, իհարկե, առաջին հերթին զուգահեռներ են անցկացվում Վրաստանում ընթացած ՆԱՏՕ-ի զորավարժությունների հետ, որոնք մի քանի շաբաթ տարբերությամբ անցկացվեցին հարևան երկրում: Դրանցից առաջինին մասնակցեց նաև Հայաստանը, իսկ ահա երկրորդի շուրջ ստեղծեց «մասնակցության ոդիսական», երբ այդպես էլ հստակ պարզ չեղավ, թե ի վերջո Երևանը նախ որոշել էր մասնակցել, հետո չեղարկել է այն, թե չէր մասնակցելու հենց սկզբից: Հատկանշականն այն է, որ առաջին զորավարժությանը մասնակցելուց հետո ռուսական մամուլում հրապարակվեցին դժգոհություն արտահայտող հոդվածներ, իսկ հետո տեղի ունեցավ օգոստոսի 23-ի հանդիպումը Սոչիում՝ Պուտին-Սարգսյան, որից հետո սեպտեմբերի 3-ին մեկնարկած զորավարժությանը Հայաստանը չմասնակցեց:
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ Սիդորովը հայտարարել է, որ զորավարժությունն ուղղված չի լինելու երրորդ կողմի դեմ, սակայն Վրաստանում ՆԱՏՕ-ի կրկնակի զորավարժությունից հետո Հայաստանում ՀԱՊԿ-ի լայն զորավարժությունը կարող է դիտվել ՀԱՊԿ պատասխանը ՆԱՏՕ-ին: Սա, իհարկե, առանձնահատուկ դիմակայության նախադրյալ չէ, սակայն պատահական չէ նաև, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սրահներում Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը հանդիպել էր Վրաստանի արտգործնախարար Ջանելիձեին, որին մի քանի շաբաթ առաջ էր ընդունել Երևանում: Իսկ նախօրեին էլ Հայաստանի ԱԺ նախագահն է այց կատարել Թբիլիսի: Չի բացառվում, որ պաշտոնական Երևանը կանխավ փորձում է Թբիլիսիին հավաստիացնել, որ ՀԱՊԿ զորավարժությունը չի կարող Վրաստանի համար տագնապի առիթ լինել և այդ առումով Հայաստանը թույլ չի տա թիկունքից հարված Վրաստանին:
Բանն այն է, որ պաշտոնական Թբիլիսին բավականին զգայուն է Հայաստանում ռուսական ռազմական ներկայության և ակցիաների նկատմամբ: Դրա հետ մեկտեղ Երևանն, ըստ երևույթին, Թբիլիսիի միջոցով փորձում է մեսիջներ փոխանցել նաև ՆԱՏՕ-ին՝ Հայաստանում ՀԱՊԿ զորավարժության առումով Հայաստանին «ճիշտ հասկանալու» համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: