
Մեթիսը և Ստոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել են Աֆղանստան

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ: Այդ մասին հայտնել է Khaama Press գործակալությունը: Նրա տվյալներով՝ Մեթիսը եւ Ստոլտենբերգը այցի ընթացքում բանակցություններ կվարեն երկրի ղեկավարության հետ, նաեւ համատեղ մամուլի ասուլիս է պլանավորված նախագահ Աշրաֆ Ղանիի հետ:
Նշվում է, որ սա Պենտագոնի ղեկավարի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին այցն է հանրապետություն Աֆղանստանում ԱՄՆ-ի նոր ռազմավարության հրապարակումից հետո, ըստ որի ամերիկյան զինուժերն այնտեղ ուշադրությունը կենտրոնացնելու են ահաբեկչության դեմ մղվող պայքարի վրա:
ԱՄՆ-ն Աֆղանստանում ռազմական գործողությունն սկսել է 2001 թվականի աշնանը: Ներկայում այնտեղ են գտնվում միջազգային կոալիցիայի մոտավորապես 13 հազար զինծառայողներ, այդ թվում՝ շուրջ 8,4 հազար ամերիկացի զինվորներ ու սպաներ: Նրանք առավելապես զբաղվում են աֆղանական ստորաբաժանումների ուսուցմամբ, ինչպես նաեւ հանդես են գալիս ռազմական խորհրդատուների դերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: