Ինչու է հեռացվել մանկապարտեզի տնօրենը. պարզաբանում
Ինչպես հայտնի է՝ Երևանի թիվ 157 մանկապարտեզի տնօրեն Զարա Ադիյանն ազատվել է պաշտոնից: Այս առիթով Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանել է.
«Երևանի հ.157 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններն ու անհարկի շահարկումները բացառելու նպատակով տեղեկացնում ենք, որ սույն որոշման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով ստացված ահազանգն առ այն, որ վերոնշյալ մանկապարտեզի տնօրենը չհաշվառված, այսինքն սահմանված կարգով մանկապարտեզ չընդունված երեխայի է թույլատրել հաճախել մանկապարտեզ:
Սույն ահազանգի հիման վրա իրականացված վերահսկողության արդյունքներով նաև պարզվել է, որ Զարա Ադիյանը «Մանկապարտեզ» էլեկտրոնային հաշվառման համակարգում թույլ է տվել այնպիսի ձևակերպումներ (միջամտություններ), որոնց իրավասությունը չի ունեցել:
Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ պաշտոնից ազատված տնօրենն իր բացատրագրում ընդունել է, որ կատարել է վերոնշյալ խախտումները: Սույնը հաշվի առնելով հորդորում ենք զերծ մնալ հարցի անհարկի շահարկումներից»: