Բաժիններ՝

Դալայ լաման պատմել է, թե ինչն է համարում կյանքի իմաստը

Դալայ լաման կարծում է, որ կյանքի իմաստը երջանիկ լինելն է, որի պարտադիր պայմաններն են՝ կարեկցանքն ու հոգու խաղաղությունը: Այդ մասին նա հայտարարել է Ռուսաստանի եւ բալթյան երկրների մշակույթի գործիչների հետ սեպտեմբերի 25-ին Ռիգայում ունեցած զրույցի ժամանակ, որտեղ ուսուցում էր անցկացնում բուդդայականությամբ բոլոր հետաքրքրվողների համար։

«Եթե մի կողմ դնենք կյանքի իմաստի տարբեր կրոնական հայեցակարգերը եւ հենվենք գիտության վրա, ապա եզրակացությունն այս է՝ մենք գտնվում ենք այստեղ ու այժմ եւ ցանկանում ենք երջանկություն եւ ուրախություն, ոչ ոք չի ցանկանում տհաճություններ: Բացի այդ, մենք կոլեկտիվ կենդանիներ ենք, եւ մեր մեջ բնությունից արդեն դրված են սերը եւ կարեկցանքը»,-ասել է Դալայ լաման:

Նրա խոսքով՝ «մայրական սերը, մոր հպումը երեխային՝ հանգուցային գործոն է ուղեղի ճիշտ զարգացման համար»: Տհաճություններից խուսափելու, առողջությունը պահպանելու եւ երջանկություն ձեռք բերելու համար, բուդդայական ուսմունքի համաձայն, անհրաժեշտ է հոգու խաղաղություն:

«Ոչ մի բժիշկ ձեզ չի ասի. «Նյարդայնացե՛ք եւ չարացե՛ք»: Նա կասի. «Թուլացե՛ք եւ հանգստացե՛ք»: Բժիշկները գիտեն, որ հանգստությունն օգտակար է առողջության համար, իսկ վախը եւ զայրույթը բառացիորեն խժռում են իմունային համակարգը»,-նշել է Դալայ լաման:

Հոգու խաղաղություն ձեռք բերելու համար նա որպես հանգուցային գործոն է նշել կարեկցանքը: Հոգեւոր առաջնորդի խոսքով, այն մարդուն նաեւ ինքնավստահություն է տալիս:

«Բացի այդ, երբ ուրիշներն զգում են մեր հոգատարությունը, նրանք սկսում են մեզ վստահել, իսկ վստահությունը բարեկամության հիմքն է: Այնպես որ, եթե մենք ցանկանում ենք առողջ լինել ու բարեկամներ ունենալ, պետք է կարեկից լինենք եւ պահպանենք հոգու խաղաղությունը»,-խորհուրդ է տալիս բուդդայականների առաջնորդը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս