Ինչո՞ւ Կարեն Միրզոյանը փոխարինվեց Մասիս Մայիլյանով. պարզաբանում է ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատուն

«Ինձ համար անակնկալներ չկան, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել, տեղավորվում է այն տրամաբանական գործողությունների մեջ, որ այս վերջին տարիներին տեղի է ունենում Արցախի Հանրապետությունում՝ սկսած՝ սահմանադրական փոփոխություններից՝ մինչև ներկա նշանակումները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Արցախի Հանրապետության կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նա նկատեց, որ շատերի համար վերլուծությունների առիթ է հանդիսացել արտգործնախարարների փոփոխությունը, երբ Կարեն Միրզոյանին փոխարինեց Մասիս Մայիլյանը:

«Մ. Մայիլյանը հենց 1990-ականների սկզբից եղել է համակարգում, շատ ակտիվ մասնակցություն է ունեցել տարբեր բանակցային գործընթացներում, հայտնի զինդադարի կնքման ժամանակ նույնպես մասնակցություն ունեցել է: Այնպես որ, Մայիլյանը նոր մարդ չէ Արտգործնախարարությունում: Բոլորին թվում էր, թե այն հանգամանքը, որ նա 2007 թվականին գործող նախագահ Բակո Սահակյանի հետ թեկնածու է առաջադրվել և հանդես է եկել ընդդիմադիր դիրքերից, կարող էր ինչ-որ պատճառ դառնալ: Արցախում, փառք Աստծո, նման մտայնություն երբեք չի լինում, ընդհանուր գործ են կատարում»,- նշեց Գ. Իսագուլյանը:

Հարցին, թե՝ ինչո՞վ էր պայմանավորված, որ Կ. Միրզոյանին փոխեցին, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Հավատացեք, որ Կարեն Միրզոյանն իր պարտականությունները շատ լավ էր կատարում, մենք շատ լավ, մտերիմ ընկերներ ենք, հիմա էլ ես կարծում եմ՝ դեռևս անելիք ունի: 5 տարի եղել է Արցախի արտգործնախարարը, ու կարծում եմ՝ պարոն Միրզոյանը դեռ շատ ասելիք ու տալիք ունի հայրենիքին: Ուղղակի հանրապետության նախագահը նպատակահարմար է գտել այս էտապում արտգործնախարար նշանակել Մասիս Մայիլյանին՝ ամենևին չթերագնահատելով Կարեն Միրզոյանի կատարածը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս