«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդը կթողնի իր պաշտոնը
«Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) աջ պոպուլիստական կուսակցության համանախագահ Ֆրաուկե Պետրին հայտարարել է, որ թողնելու է իր պաշտոնը։
«Հասկանալի է որ այդ քայլը կկատարվի»,-ասել է նա Դրեզդենում, հայտնել է DPA գործակալությունը: Սեպտեմբերի 25-ին Պետրին հայտարարել էր, որ կուսակցության արմատական թեւի հետ տարաձայնությունների պատճառով չի մտնելու Բունդեսթագում աջերի խորհրդարանական խմբակցության մեջ: Դրանից հետո խորհրդարանի ընտրություններում ԱԳՀ-ի ցուցակի առաջնորդ Ալիս Վայդելը կոչ է արել նրան լքել կուսակցությունը:
Քաղաքական ուժի փոխնախագահ Ալեքսանդեր Հաուլանդը նշել է, որ իր համար Պետրիի քայլը անակնկալ է դարձել: Ավելի ուշ նա նույնիսկ նրա որոշումը որակել է «հարված թիկունքին»:
ԱԳՀ-ից Պետրիի դուրս գալը սպառնում է կուսակցության լուրջ պառակտմամբ եւ դեպի աջ «Գերմանիայի համար այլընտրանքի» էլ ավելի մեծ տեղաշարժմամբ: Չի բացառվում, որ ԱԳՀ-ի չափավոր տրամադրված անդամները կգնան Պետրիի հետեւից եւ կարող են նրա գլխավորությամբ նոր քաղաքական ուժ ստեղծել:
Ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքների համաձայն, «Գերմանիայի համար այլընտրանք»-ը երրորդ ուժն է դարձել Բունդեսթագում, նրան պաշտպանել է ընտրողների 12,6 տոկոսը: Առաջին հորիզոնականում հաստատվել է Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միություն-Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը. նրա օգտին քվեարկել է ընտրողների 33 տոկոսը: Երկրորդ տեղում իր պատմության մեջ վատագույն արդյունքով հայտնվել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որի օգտին քվեարկել է գերմանացիների 20,5 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: