Human Rights Watch-ը Մյանմայի զինուժերին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների մեջ
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մյանմայի զինված ուժերին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ կապված արեւմտյան Ռաքհայնի նահանգի տարածքում ստեղծված իրադրության հետ: Համապատասխան հայտարարությունը սեպտեմբերի 26-ին հրապարակված է կազմակերպության կայքում։
«Զինվորականներն արտաքսել են, սպանել, բռնություններ են գործադրել ու հետապնդել ռոհինջա մուսուլմաններին Ռաքհայնի հյուսիսում, ինչը հանգեցրել է մահվան բազմաթիվ դեպքերի եւ նրանց զանգվածային փախուստին»,-ասված է հայտարարության մեջ:
Իրավապաշտպանները նաեւ կոչ են արել «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ շահագրգիռ երկրներին՝ անհապաղ պատժամիջոցներ կիրառել» եւ հանրապետության զինված ուժերին զենքի մատակարարման արգելք սահմանել:
Իր հերթին Մյանմայի կառավարության մամուլի քարտուղար Զավ Տհայը հայտարարել է, որ մարդկության դեմ հանցագործությունների համար իրավապաշտպանների կողմից առաջադրվող մեղադրանքները «որեւիցե լուրջ ապացույց չեն բովանդակում», դրանք համարելով նաեւ «վտանգավոր»: Մինչ այդ ՄԱԿ-ին առընթեր Մյանմայի մշտական ներկայացուցիչ Հաու Դո Սուանը մերժել է ռոհինջաների ցեղասպանության եւ տարածաշրջանում էթնիկ զտումներ իրականացնելու վերաբերյալ ավելի վաղ հանրապետության իշխանությունների հասցեին հնչած մեղադրանքները:
Ռաքհայնի տարածքում իրադրությունը, որտեղ համահավաք ապրում է մուսուլման ռոհինջա ժողովուրդը, կտրուկ սրվել է օգոստոսի 25-ին, երբ «Ռոհինջաների փրկության արաքանյան բանակ» շարժման հարյուրավոր զինյալներ հարձակում կատարեցին ոստիկանության 30 հենակետերի վրա. դրանից հետո Մյանմայի անվտանգության ուժերը ուժային գործողություն են սկսել տարածաշրջանում: Վերջին տվյալների համաձայն, բախումներն ավելի քան 400 մարդու կյանք են խլել: Միայն վերջին ամսվա ընթացքում Ռաքհայնից Բանգլադեշ է փախել 436 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: