Վահան Մարտիրոսյանը հստակեցրեց՝ որքան գումար է ծախսվել «Հյուսիս-Հարավ» ծրագրի վրա

««Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի ձախակողմյան հատվածում արդեն իսկ տեղադրվել է շուրջ 11 կիլոմետր բետոնե ծածկ, ևս 15 կիլոմետր նախատեսվում է տեղադրել մինչև տարեվերջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում 7 կամուրջներից 3-ը կհանձնվեն շահագործման, իսկ մնացած 4-ի վրա կշարունակվեն որոշակի շինարարական աշխատանքներ: Նա նկատեց, որ կամուրջներին հարող հատվածների երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է մայիսին»:

Խոսելով Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հայտարարության մասին, որ չկառուցված՝ Աշտարակ-Լանջիկ հատվածի շինարարության արժեքը կհասնի 3,5 միլիոն դոլարի, Վ. Մարտիրոսյանը նշեց, որ Ասիական զարգացման բանկը ֆինանսավորում է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի հատվածներից մի քանիսը, և նախարարությունն ու Ասիական զարգացման բանկը լավ համագործակցում են իրար հետ:

«Ցանկացած ծրագիր քննարկվում է և՛ նախարարությունում, և՛ բանկում: Նախարարությունը գնահատում է իր տեսանկյունից, բանկը՝ իր, քննարկում, համատեղ լուծումների ենք գալիս»,- նշեց նախարարը:

Լրագրողի հարցին՝ կառավարությունը ավարտին կհասցնի՞ ճանապարհի կառուցումը, Վ. Մարտիրոսյանը պատասխանեց, որ՝ այո, կհասցնեն: Նրա խոսքով՝ Հայաստանին պետք է այդ ճանապարհը. «Ունենում ենք հյուսիսը հարավին կապող բարձրակարգ ճանապարհ, ճանապարհի որակից կախված է և՛ տուրիստական հոսքը, և՛ բեռնափոխադրումների հոսքը, որը, վստահ ենք, կշատանա: Կակտիվանա նաև բիզնեսը: Ցանկացած ծրագիր նախևառաջ՝ պետք է ուսումնասիրվի, և գումարների օգտագործումն ուղղվի այնտեղ, որտեղ ավելի շատ եկամուտ կստանա»:

Վ. Մարտիրոսյանը վստահ է, որ ՀՀ-ն և ՀՀ քաղաքացին իր վրա կզգա այդ ներդրումը, և այս ճանապարհն այդ կարևոր ծրագրերից մեկն է. «Ճանապարհի Գյումրի-Բավրա հատվածի ֆինանսավորման հայտ դեռ չի ներկայացվել, քանի որ նախագծային մոտեցումները դեռ հստակեցված չեն, թե ինչ ճանապարհ է լինելու: Բայց այդ աշխատանքները կատարվում են, և մյուս տարվա սկզբին կներկայացվի նաև նախագիծը: Իսկ «Հյուսիս-Հարավ» ծրագրի հարավի հատվածում ամբողջական ծրագիրը վերջնական պատրաստ չէ: Կարող են փոփոխություններ լինել»:

Նախարարը նաև նշեց, որ մամուլում հայտնված այն լուրերը, որ կառուցվել է 30 կիլոմետր ճանապարհ և ծախսվել է 150 մլն դոլար, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում. «Կցանկանայի հստակեցնել. կա վճարված և կա ընդունված աշխատանք: Աշխատանքն ընդունվել է 30 կմ, որի համար վճարվել է 70 մլն-ի չափով, իսկ ընդհանուր վճարվել է 150 մլն, բայց կան աշխատանքներ, որ դեռ չեն ընդունվել, դեռ շարունակվում են աշխատանքներն այդ հատվածներում»:

Ի պատասխան հարցին էլ, թե՝ կարո՞ղ է ճանապարհի կառուցման համար ծախսվող գումարը գերազանցել 2 միլիարդ դոլարը, Վ. Մարտիրոսյանը չբացառեց, բայց հույս հայտնեց, որ մասնավոր ընկերությունների կողմից ներդրումային ծրագրեր կիրականացվեն ճանապարհի որոշ հատվածների կառուցման համար։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930