Կարեն Կարապետյանն ընդունել է Վերոնիկա Սկվորցովային

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային:

Կառավարության ղեկավարը գործնական և կառուցողական է բնութագրել Հայաստանի ու Ռուսաստանի առողջապահական գերատեսչությունների համագործակցությունը, որը համահունչ է երկու երկրների առանձնահատուկ փոխհարաբերությունների տրամաբանությանը: Վարչապետը ողջունել է Երևանում Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի անցկացումը և անդրադարձել ՀՀ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնց նպատակը ժամանակակից, որակյալ և հասցեական առողջապահական համակարգի ստեղծումն է և առողջապահական բիզնեսի համար տարածաշրջանային հարթակի ձևավորումը:

ՌԴ առողջապահության նախարարը գոհունակություն է հայտնել այսօր մեկնարկած Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի աշխատանքների ընթացքից՝ նշելով, որ օրակարգում ընդգրկված են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ըստ նրա՝ համաժողովը լավ հարթակ է՝ առողջապահության ոլորտում փոխգործակցության հետագա ուղղությունները նախանշելու համար:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել դեղագործության, առողջապահական բիզնեսի կազմակերպման ոլորտներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը: Վերոնիկա Սկվորցովան իր հերթին նշել է, որ ռուսաստանյան կողմը ևս հետաքրքրված է այս բնագավառներում գործակցության զարգացմամբ և պատրաստակամություն է հայտնել քննարկելու համատեղ հետագա քայլերը: Կողմերը համակարծիք են եղել հաճախակի փոխայցելություններ կազմակերպելու հարցում, որոնք հնարավորություն կտան տեղում ծանոթանալու երկու երկրներում առողջապահական համակարգերի բարեփոխումներին ու զարգացման միտումներին, բժշկական կազմակերպությունների գործունեությանը, ուսումնասիրելու առողջապահական բիզնեսում ներգրավման հնարավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս