
«Մենք հուսով ենք, որ կխուսափենք պատերազմից, բայց չենք կարող բացառել դրա հնարավորությունը». Սպիտակ տուն

ԱՄՆ-ի վարչակազմը չի կարծում, թե մեկ «անվրեպ հարվածը» կկարողանա լուծել Կորեական թերակղզու խնդիրը, սակայն չի պատրաստվում բացառել ռազմական տարբերակի հնարավորությունը: Սեպտեմբերի 25-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերտ Մաքմասթերը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտում:
«Գոյություն չունի այնպիսի անվրեպ մի հարված, որը լուծեր (Կորեական թերակղզու) խնդիրը: Գոյություն չունի ռազմական շրջափակում, որը կարող է լուծել այդ խնդիրը,- նշել է Մաքմասթերը:- Մենք հուսով ենք, որ կխուսափենք պատերազմից, բայց չենք կարող բացառել դրա հնարավորությունը»:
ԿԺԴՀ-ի իշխանությունները պետք է թույլ տան անցկացնել իրենց միջուկային օբյեկտների ստուգում եւ ընդունեն միջուկային զենքից հրաժարվելու պատրաստակամությունը, նախքան Վաշինգտոնը կսկսի բանակցություններ վարել Փենյանի հետ, հայտարարել է Մաքմասթերը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչն է Վաշինգտոնին վստահություն տալիս, որ պատժամիջոցները պատերազմ չեն հրահրի ԿԺԴՀ-ի հետ, նա պատասխանել է. «Ոչինչ», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: