Սիսիանում ԲՀԿ-ի թեկնածուն հայտնի է. նա Վահե Էնֆիաջյանի հետ համատեղ ՀԷԿ-ի բիզնես ունի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն որոշել է նոյեմբերին կայանալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում առաջադրել Կարեն Համբարձումյանի թեկնածությունը, ով Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է՝ աղջկա ամուսինը: Աղասի Հակոբջանյանը ևս ԲՀԿ-ական է: Սիսիանի քաղաքապետի պաշտոնը հիմա ավելի է կարևորվում, եթե նկատի ունենանք, որ քաղաքին միացվել են Սիսիանի 27 գյուղական համայնքները:

Կարեն Համբարձումյանը հայտնի է նաև նրանով, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ համատեղ ՀԷԿ-ի բիզնես ունի: Դեռևս մեկ տարի առաջ մամուլը գրել էր, որ Կարեն Համբարձումյանին և Վահե Էնֆիաջյանի մորը՝ Անահիտ Կարապետյանին, հավասար բաժնեմասով պատկանող «Հովթեր» ՍՊԸ-ն դիմել է Բնապահպանության նախարարություն՝ Հրազդան գետի վրա Արգել 1 անունով ՀԷԿ կառուցելու նպատակով ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀԷԿ կառուցելն ու գնելը ոչ միայն ՀՀԿ-ական, այլ նաև ԲՀԿ-ական պատգամավորների սիրելի զբաղմունքն է»:

Տեսանյութեր

Լրահոս