Բաժիններ՝

Գողական դինաստիայի միանգամից երկու ներկայացուցիչ, այդ թվում՝ «օրենքով գող» Գեորգի Քալաշյանը կարտաքսվեն Ռուսաստանից

ՌԴ իրավապահ մարմինները գողական դինաստիաների միանգամից երկու ներկայացուցիչների, այդ թվում՝ հայազգի «օրենքով գողին»,  «դեպի դուռն են ցույց տվել»: Նրանցից մեկը հենց նոր է ազատվել ազատազրկման վայրից, իսկ մյուսը դեռ կրում է պատիժը:

Ըստ crimerussia.com-ի, սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները այցելել են Կրասնոյարսկի թիվ 31 ուղղիչ գաղութում գտնվող «օրենքով գող» Ռուսլան Գեգեչկորիին, ով հայտնի է «Ռուսլան Զուգդիդսկի» և «Շլյապա Մլադշի» մականուններով:

Քրեական հետախուզության օպերատիվ աշխատողները պաշտոնապես իրազեկել են 30-ամյա «օրինականին» բանտարկության ժամկետի ավարտից հետո Ռուսաստանի տարածքում նրա գտնվելու անցանկալի լինելու մասին: Ռուսլան Գեգեչկորին դատապարտվել է 2016թ. հուլիսին 2 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Ըստ դատավճռի, նրա բանտարկության ժամկետն ավարտվում է 2018թ. մարտի 28-ին:

Հիշեցնենք, որ 2014թ. «թագադրված» Ռուսլան Գեգեչկորին՝ «օրենքով գող» Ռոլանդ Գեգեչկորիի (Ռոլանդ Շլյապա) որդին, մեծապես հայտնի է դարձել տուվայական գաղութներից մեկում զանգվածային անկարգությունների հետ կապված, որտեղ Գեգեչկորիի և կովկասցի կալանավորների միջև կոնֆլիկտից հետո «օրինականի» հանդեպ լոյալ դատապարտյալների մեծ խումբ ավիրել է բանտային մզկիթը հենց աղոթքի ժամանակ: Այնտեղ գտնվող մահմեդական կալանավորները դաժան ծեծի էին ենթարկվել: Միջադեպը հարուցել էր ամբողջ Ռուսաստանում մահմեդական համայնքի զայրույթը՝ «օրենքով գողի» և նրա հոր հասցեին սպառնալիքներ են հնչել: Պատիժների կատարման դաշնային ծառայության համակարգը նույնպես սկսել է Շլյապա-մլադշիին «կոտրել», նրան տեղափոխել են Կրասնոյարսկի գաղութ: Ճանապարհին նա ծեծի էր ենթարկվել հսկիչների և կովկասյան ազգության դատապարտյալների կողմից, ում հատուկ նստեցրել են խցերը: Կրասնոյարսկի բանտի հիվանդանոցում «օրենքով գողեր» Կոնստանտին Բորիսովի (Կոստիլ) և Սուլխան Մժավիայի (Սուլխան) հետ կռվից հետո նրանք գրություն էին գրել Գեգեչկորիին «գողական» տիտղոսից զրկելու մասին, սակայն «օրենքով գողերի» մեծամասնությունը նրանց չի պաշտպանել:

«Գողական» դինաստիայի երկրորդ ներկայացուցիչն, ով ստիպված կլինի լքել Ռուսաստանը մոտ ապագայում, 34-ամյա «օրենքով գող» Գեորգի Քալաշյանն է, ով քրեական աշխարհում առավել հայտնի է որպես Գեորգի Թբիլիսսկի կամ Կոտիկ Մլադշի:

«Օրենքով գող» Կոնստանտին Քալաշյանի որդին սեպտեմբերի 22-ին ազատվել է Ելեց քաղաքի բանտից, որտեղ նույնպես պատիժ էր կրում թմրանյութերի համար, և ուղղիչ հաստատությունից դուրս գալուց հետո անմիջապես ձերբակալվել էր միգրացիոն ռեժիմի խախտման համար: Ելեցկի քաղաքային դատարանը Քալաշյանի նկատմամբ նշանակել է 2 հազար ռուբլու տուգանք և 10 օր ժամանակ տվել, որպեսզի նա ինքնակամ լքի ՌԴ տարածքը:

Ռուսական լրատվամիջոցը գտնում է, որ երկրի սահմաններից Գեգեչկորիի և Քալաշյանի արտաքսումը տրամաբանորեն համապատասխանում է վերջին տարիների տենդենցին: Միայն մեկ՝ 2016թ.-ի, ընթացքում ռուսաստանյան իրավապահ մարմինները երկրից արտաքսել են 10 «օրենքով գողերի», իսկ 11 այլ «օրինականների» մատնացույց են արել Ռուսաստանի տարածքում նրանց գտնվելու անցանկալի լինելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս