Մինչ ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն զբաղված է շինարարական խնդիրներով. աղոթք` եկեղեցուց հեռու և գաղտնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն զբաղված է շինարարական խնդիրներով, Հայաստանում հոգեորսության դեպքերը շարունակում են հաճախակիանալ: Եկեղեցին ոչինչ չի անում՝ հոգեորսության դեպքերը կանխելու համար. ամեն ինչ թողնված է ինքնահոսի:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը մի «աղոթքի ծառայության» հայտարարության հետքերով գնաց, մասնակցեց խմբակային աղոթքին, եւ հետո պարզվեց, որ թեեւ ողջ ընթացքում աղոթողներն ու քարոզիչը տալիս էին Հիսուս Քրիստոսի անունը, ձեռքերը վեր բարձրացնում, բղավում, այնուամենայնիվ, որեւէ առնչություն չունեին Հայ առաքելական եկեղեցու հետ: Ովքեր են նրանք, պարզել չհաջողվեց:
Մեր թղթակիցը եղել է տոտալ վերահսկողության տակ, քանի որ դեմքն անծանոթ է եղել աղոթողների համար, որոնց մեջ եղել են նաեւ երեխաներ: Արգելվել է անգամ միացնել հեռախոսը: Տեր Եսայի քահանա Արթենյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ աղոթքի ծառայություն տերմինն իր ամբողջ բովանդակությամբ եւ էությամբ արդեն իսկ աղանդավորական է:
Ու հայտարարվում է, որ այն անվճար է, ենթադրվում է բիզնես, իսկ սա հոգեորսությամբ մարդկանց իրենց թիրախը գցելու մի տարբերակ է: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Առաքելական եկեղեցին՝ ուղղված կրոնական կազմակերպությունների դեմ, քահանան պատասխանեց. «Եկեղեցին երբեք չի պայքարում ընդդեմ, մեր քարոզչության մեր, հովվական գործունեության նպատակը երբեւէ ընդդեմ ինչ-որ բանի չէ, այլ հանուն է»: Բայց հանունն էլ կարծես թե օգուտ չի տալիս իրավիճակին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: