
Իրաքը կոչ է արել երկրներին՝ դադարեցնել նավթի առևտուրը Քրդստանի հետ

Իրաքը կոչ է արել արտասահմանյան պետություններին՝ դադարեցնել ինքնավար Իրաքյան Քրդստանից նավթի ներմուծումը եւ առեւտրով զբաղվել միայն կենտրոնական կառավարության հետ: Այդ մասին գրել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի կառավարության հայտարարությունը։
Բաղդադը «խնդրում է հարեւան երկրներին եւ ամբողջ աշխարհի երկրներին՝ նավթի ու դրա ընդունման կետերի վերաբերյալ գործարքները կնքել միայն Իրաքի համերկրային կառավարության հետ», ասված է հայտարարության մեջ:
Հավանաբար, հաղորդագրությունն առաջին հերթին հասցեագրված է Թուրքիային, որի տարածքով է կատարվում քրդական նավթի տարանցումը, նշում է գործակալությունը: Իրաքի իշխանությունները դեմ են Քրդստանի տարածքային կառավարության կողմից նավթի անկախ վաճառքին եւ քանիցս փորձել են արգելափակել դրա մատակարարումները:
Իրաքյան Քրդստանն օրական մոտավորապես 650 հազար բարել նավթ է արդյունահանում իր հանքավայրերից, ներառյալ 150 հազար բարել՝ Քիրկուկի նահանգի վիճելի տարածքներում: Տարածաշրջանին բաժին է ընկնում Իրաքում նավթի արդյունահանման 15 տոկոսը եւ համաշխարհային արտադրության շուրջ 0,7 տոկոսը: Գործակալության տվյալներով՝ Քրդստանը հույս ունի մինչեւ 2020 թվականը արդյունահանումն ավելացնել օրական մինչեւ ավելի քան 1 մլն բարել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: