Բաժիններ՝

«Բաքու մեկնելու որոշումը միանգամայն ճիշտ էր». Մանե Թանդիլյան

Հայաստանի պատվիրակները ցանկացած հարթակում եւ ձեւաչափում պետք է պատրաստ լինեն հակազդելու Ադրբեջանին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, ով «Եվրանեսթ»-ի շրջանակում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանի հետ սեպտեմբերի 21-23-ը մեկնել էր Բաքու:

«Ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն աշխատում էին, եւ բացառապես հայկական պատվիրակությունն էր գտնվում բոլորի ուշադրության կենտրոնում: Մեր պատվիրակությունը որոշում էր կայացրել մասնակցելու այդ նիստին, եւ ես կարծում եմ, որ դա շատ ճիշտ որոշում էր: Էլ ավելի համոզվեցի դրանում, երբ տեսա, թե ինչպես էին այդ ամբողջ նիստը փորձում վերածել հակահայկական քարոզի: Հասկացա, որ մենք ընդհանրապես չպետք է բաց թողնենք որեւէ հնարավորություն, որեւէ հարթակ ներկայացնելու Հայաստանը, քանի որ ադրբեջանական կողմն ակտիվորեն աշխատում է հակահայկական քարոզչության վրա: Պետք է հասկանալ, որ նրանք օգտագործելու են յուրաքանչյուր միջազգային հարթակ քիչ-քիչ իրենց հաջողություններն ամրագրելու համար: Այս նիստը նույնպես կարող էր նման հարթակի վերածվել, եթե մեր պատասխանները եւ դիրքորոշումը զսպող հանգամանք չհանդիսանային»,-ասաց ԱԺ պատգամավորը:

Նրա խոսքով՝ պատերազմական իրավիճակը շարունակվում է, եւ այն կա յուրաքանչյուր հարթակում: «Պետք է լինել Բաքվում, որպեսզի հասկանաս, թե ինչ միջավայրում ես գտնվում եւ գործում: Համատարած վերահսկողության, ամբողջ օրն ուշադրություն կենտրոնում լինելու պարագայում պետք է կարողանաս լինել այնպիսին, ինչպիսին կաս, եւ ես կարծում եմ՝ այն, ինչ կարող էինք անել այլ երկրում, արել ենք Ադրբեջանում: Նրանք հավուր պատշաճի ստացան պատասխան օրակարգից դուրս հնչեցվող հարցերին, եւ մենք կարողացանք կանգնեցնել արդեն հակահայկականի վերածվող այդ միջոցառումները: Մենք նաեւ զրույցներ ունեցանք մեր եվրոպացի գործընկերների հետ, եւ նրանք էլ էին շեշտում, որ չկա առիթ, որ Ադրբեջանը չփորձի դարձնել հակահայկական կամ գոնե դրա ձգտումը չունենա»,-ընդգծեց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ պատրաստ է ամենուր գնալ եւ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը՝ առավել եւս Բաքվում:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը մեկնել էին Բաքու՝ մասնակցելու վեհաժողովի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին: Այն նվիրված էր կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս